Ամերիկահայ գրող և իրավաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հրատարակել է Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային բռնության մասին «Արտաքսում. դեպի անհայտություն» հայերեն թարգմանությամբ գիրքը, որն արտացոլում է ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ընդգծեց, որ գրքում ներկայացնում է իր սեփական ապրումները,  թե ինչպես 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսևորումների ականատեսը։

«1988-ին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց տարավ համակեցության և մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Ես այն գրել եմ, երբ դեռ մոտավոր 14 տարեկան էի: Այն դարձավ գիրք, որտեղ ադրբեջանական վայրագությունները ներկայացվեցին փախստական աղջնակի աչքերով: Ես շատ էի վախենում, որ իմ երեխաները, թոռները չեն իմանա, թե մենք որտեղից ենք եկել, և ես այս գիրքը գրել եմ, առաջին հերթին, իրենց համար: Դա շատ կարևոր էր ինձ համար, հատկապես պատերազմից հետո, որովհետև Արցախում տեղի ունեցած պատերազմի  հետևանքով այնտեղ ապրող երեխաները տառապում էին այնպես՝ ինչպես ես Բաքվում՝ տարիներ առաջ»,- ասաց հեղինակը: