Մայրաբերդ ամրոցը ռազմական կառույց է, որը գտնվում է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, ձգվում է Ասկերանի հարավային մասով։ Դարեր առաջ ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ։

Բարձր աշտարակներով ու հաստ պատերով բերդը երկու կողմից փակում է Կարկառ գետի հովիտը։ Բերդն ամրացված է կրկնապարիսպներով, որի պատճառով դժվարանցանելի է դառնում լեռների արանքում գտնվող ձորակի ճանապարհը։

Մայրաբերդում Արցախյան պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Մատենագիտական և պատմագիտական աղբյուրների վերլուծության հիման վրա ամրոցը հիմնականում կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական ժամանակաշրջանոմ։  Աշխարհագետ Սերգեյ Մելքումյանը Ասկերանի բերդապարսպի կառուցման հստակ տարեթիվ է նշում 1760 թվականը։ Ամրոցը ճարտարապետական ընդհանրություններ ունի Բովուրխանավանք-ամրոցի, Ավետարանոցի և Շուշիի բերդերի հետ, ինչը վկայում է հայ վարպետների ու շինարարների ձեռքով կառուցված լինելու մասին։ Չի բացառվում նաև, որ Ասկերանի ամրոցի տեղում կառուցված է եղել հինը, որը վերակառուցվել է Արցախի խաների կողմից։