Ամփոփելով Արևմտյան Հայաստանի մարտահրավերները թեմայով գիտաժողովը, վարչապետ Սեդա Մելիքյանը որպես գործադիր մարմնի ղեկավար, ներկայացրեց այն կարևորագույն կետերը, որոնք վերաբերում են մասնավորապես գործադիր մարմնին։ Հաշվի առնելով հյուրերի ելույթները՝  առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնցից մեկին վարչապետ Մելիքյանը ավելի համապարփակ անդրադարձավ, այն է՝  «ո՞վ ենք մենք և ինչու՞ Արևմտյան Հայաստանի քաղաքացիները չեն ընկալվում որպես լիարժեք քաղաքացիներ»։ Վարչապետը մասնավորապես նշեց․  «Արևմտյան Հայաստանը 1920 թվականի՝ Նուբար Փաշայի ստեղծած պետությունն է, որը ճանաչված է դե ֆակտո և դե յուրե, ունի իրավական կարգավիճակ՝ չնայած նրան, որ մեր հողերն այժմ զավթված են։ Արևմտյան Հայաստանի նահանգներ են հանդիսանում Արևելյան Հայաստանը, Ջավախքը, Նախիջևանը և Արցախը, որոնք միասին կոչվում են Արևմտյան Հայաստան։ 2021 թվականին ԱՀՀ ԱԺ-ն ընդունեց օրենք Արևմտյան և Արևելյան Հայաստանների փոխհարաբերությունների վերաբերյալ, ըստ որի Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետությանը, որը հռչակվեց 1990 թվականի օգոստոսի 23-ին, առանց նախորոշելու սահմանների հարցը, այսպիսով փաստացի  ճանաչելով  նաև 1991 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարությանը»։

Ելույթի վերջում վարչապետ Մելիքյանը անդրադարձավ Արևմտյան Հայաստանում ապրող ոչ հայախոս բնիկ հայ բնակչությանը՝ նշելով, որ անկախ կրոնական և լեզվական պատկանելությունից, Արևմտյան Հայաստանը պատասխանատու է նրանց համար։

 

https://youtu.be/1rJCVoUi4vI