Արաբկիր քաղաքը գտնվում է Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Մալաթիայի գավառում։ Քաղաքը ամբողջությամբ փռված է Անտիտավրոսյան լեռնաշղթայի ստորոտում, Ոսկեգետ գետի ակունքում, սարավանդի վրա։ Տարբեր աղբյուրներում հիշատակվում է, որ Արաբկիրը եղել է ամրոց, հետագայում՝ քաղաք։
Արաբկիրը գտնվում էր գեղատեսիլ վայրում՝ շրջապատված պտղատու այգիներով, որոնցում գերակշռում էր սպիտակ թթենին: Թե՛ շրջակա գյուղերում և թե՛ բուն Արաբկիրում հայ բնակչության հիմնական զբաղմունքը եղել է մետաքսագործությունը, որը մեծ համբավ է ունեցել Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում, իսկ ավելի ուշ դարձավ հայտնի իր կտավագործությամբ։ Արհեստներից տարածված էին նաև ոսկերչությունը, մետաղագործությունը, պղնձագործությունը, օճառագործությունը, զինագործությունը։ Արաբկիրը 1853 թվականին ուներ շուրջ 9000, իսկ շրջակա գյուղերի հետ միասին՝ 18000 հայ բնակիչ: Մինչև 1900 ական թվականների սկիզբը Արաբկիր քաղաքում գործում էր թվով 7 եղեղեցի: Արաբկիրը հայ գրչության կենտրոններից էր, և այստեղ գրվել են մի քանի տասնյակ ձեռագրեր:
Արևմտյան Հայաստանի մյուս հարյուրավոր բնակավայրերի հետ միասին Արաբկիրի հայերը ևս երկու անգամ 1895-1896 թվականներին և 1915 թվականին ենթարկվեցին տեղահանման և բնաջնջման: