Լոռիս-Մելիքյանները հայ ազնվականական տոհմ են, հիշատակվում են 16-րդ դարից։ 

Ցարական Ռուսաստանի պետական և ռազմական հռչակավոր գործիչ, կոմս, հեծելազորի գեներալ, գեներալ-համհարզ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բարձրագույն՝ Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանակիր Միքայել Լոռիս-Մելիքյանն այս տոհմի ամենաականավոր ներկայացուցիչն է։ 

1840-ականներին մասնակցել է Կովկասի լեռնականների դեմ ռազմական գործողություններին: 1853-1856 թթ.՝ Ղրիմի կամ Արեւելյան պատերազմում, որպես առաջապահ հեծելազորի հրամանատար, աչքի է ընկել թուրքերի դեմ Կարսի, Բայանդուրի մարտերում, ստացել գեներալ-մայորի աստիճան: 1877-78 թթ. հայազգի զորավարը նշանակվում է 52 հազարանոց Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար եւ ղեկավարում ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում, գլխավորում է Արդահանի գրոհը եւ գրավում այն, Ալաջայի բարձունքներում ջախջախում է Մուխթար փաշայի զորքը, նվաճում հայոց հայրենի Կարսը՝ արհամարհելով այդ գործողությանը չդիմելու վերին հրամանը  ու անցնում Էրզրումի պաշարմանը։

Լոռիս-Մելիքյանը հնարավորինս հետամուտ է եղել հայկական հարցին, կյանքի վերջին տարիներին Նիցցայում հաճախ է հանդիպել Նուբար փաշային, նրա հետ ծանրութեթեւ արել ազգային խնդիրները։