Նուբարյան ազգային ամենօրյա վարժարանը հիմնվել է 1925 թվականին, Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում, ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի նվիրատվությամբ։ Կոչվում է նրա անունով։ Ունի մանկապարտեզի, նախակրթարանի և բարձրագույն նախակրթարանի բաժիններ։ Վարժարանի նպատակն է սաների նախապատրաստումը բարձրագույն դպրոց ընդունվելու համար։ Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, մատենագիտություն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, կրոնի պատմություն, բնական գիտություններ, արվեստի առարկաներ։ Վարժարանը 1926 թվականին ունեցել է 138 աշակերտ, 1996 թվականին՝ 110 աշակերտ և 23 ուսուցիչ։ Վարժարանում կան գրադարան և մատենադարան։ Հրապարակել է «Արեգ» պարբերաթերթը։