Իսլամացված հայերի մի մասը գիտակցում էր իր հայկականությունը կամ հայկական արմատները՝ այդ իսկությունը փոխանցելով սերնդեսերունդ,  մի մասն էլ սկսեց գիտակցել վերջին 20-25 տարիների ընթացքում: Սեփական արմատների հանդեպ արձագանքները տարբեր են։

Վերջերս Ակոս շաբաթաթերթում տպագրվեց Սամոսատ-Ադըյամանի հայերի հիմնած ՀԱՅԴԵՐ կոչվող միության մասին լուրը։ Ուրախալի է նման միությունների ստեղծումը, քանի որ դրանք նման են այրված անտառում կենդանության նշանների։ Սրանք այն ապացույցներն են, որ չնայած Արևմտյան Հայաստանի  հայերի գլխով անցած և նրանց՝ պատմական հողերից պոկած ցեղասպանությանը, այս հողերում նրանց գոյությունն այնուամենայնիվ շարունակվեց։ Թեև քանակական առումով անցյալի հետ անհամեմատ տարբերություն կա: Իհարկե, երբ խոսքը գնում է Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) հայկական ներկայության մասին, իսլամացված հայերի հարցը բոլորովին այլ թեմա է։ Նրանց երբեմն անվանում են «իսլամացած հայեր», կարծում եմ այս տերմինը ճիշտ չի նկարագրում իրավիճակը, քանի որ սա պարզապես որոշ անհատների՝ սեփական ընտրությամբ կրոնափոխություն չէր։ Սա մասսայական, պարտադրված  իրադարձություն է։ Խոսքը այն հայերի մասին է, ովքեր իրենց կյանքը փրկելու համար ստիպված են եղել փոխել իրենց կրոնը, հատկապես 1894-1896 թթ. կոտորածների և հետագայում՝ 1915 ցեղասպանության ժամանակ։ Այսօր ապրում է նրանց երրորդ կամ չորրորդ սերունդը, որոնց մեջ կարող են գտնվել անկեղծ և բարեպաշտ մուսուլմաններ: Բայց դա չի փոխում այն ​​պայմանները, որոնք ստիպեցին առաջին սերնդին դառնալ մահմեդական:

Դեռ մոտ 20 տարի առաջ այս թեման ամբողջովին տաբու էր։ Այս տաբուն խախտած ամենակարևոր ստեղծագործություններից մեկը Ֆեթհիյե Չեթինի՝  2004 թվականին հրատարակված «Մեծ մայրս» գիրքն էր։ Այս աշխատանքին հաջորդեց Ֆեթհիյե Չեթինի և Այշե Գյուլ Ալթընայի կողմից գրված «Թոռներ» գիրքը, որը կազմվել էր իսլամացված հայերի թոռների հետ զրուցելու արդյունքում։ 2013 թվականի նոյեմբերին Հրանտ Դինք հիմնադրամը երկօրյա գիտաժողով անցկացրեց, որտեղ ներկայացվեցին զեկույցներ իսլամացված հայերի մասին։ Հետագայում հրատարակվեց գիրք՝ «Մահմեդականացված հայեր. կոնֆերանսի զեկույցները» վերնագրով։ Այս գրքի հոդվածներից հնարավոր է ստանալ հիմնական տեղեկություններ թեմայի  վերաբերյալ։

Հայկական արմատների մասին իմացողներից շատերը վերջին 20-25 տարիների ընթացքում սկսեցին էլ ավելի գիտակցել իրենց արմատները: Իհարկե, արձագանքները նույնպես տարբեր էին: Ոմանք, թերևս այն պատճառով, որ Թուրքիայում հայ լինելը միայն անախորժություններ կբերի, կամ էլ հատուկ զգացողություն կամ զգայունություն չունենալով իրենց արմատների նկատմամբ, նախընտրեցին ձևացնել, թե տեղյակ չեն իրենց ծագման մասին, անտեսեցին այն և շարունակեցին ապրել՝ ինչպես նախկինում: Մյուսները, ովքեր հետաքրքրված էին իրենց հայկական արմատների  բացահայտմամբ,  ցանկացան ավելին իմանալ: Նույնիսկ, երբ խոսքը գնում էր ինքնության կարեւորագույն տարրեր համարվող լեզվին ու կրոնին, նրանք փորձեցին վերադառնալ այդ արմատներին, այսինքն՝ սկսեցին սովորել հայերեն ու դարձան քրիստոնյա։ Երրորդ խումբը փորձեց հաշտեցնել իր անցյալը ներկայիս ինքնության հետ, այսինքն՝ նրանք ընդունում էին և՛ հայկականությունը, և՛ իսլամը և իրենց բնութագրում էին որպես «մահմեդական հայեր»: Սակայն շատ դեպքերում այս վերջին խումբն ամբողջությամբ չի ընդունվել ոչ հայերի, ոչ էլ մահմեդականների կողմից: Բառի գրեթե ուղիղ իմաստով նրանց համարում են «երկու կրոններից շեղվածներ»։

Համենայնդեպս, նրանք, ում հայ լինելը վաղուց հայտնի է թե իրենց և թե շրջապատին, շատ դեպքերում շարունակում են կոչվել «անհավատ» (գյավուր)։

Ումիթ Քուրթը և Մուրադ Ուչաները գիտաժողովի մասին պատմող իրենց գրքում Բեսնեցի հայ որբերի պատմության հետազոտության փուլում անդրադարձել են նման ընտանիքներին: Այդ ընտանիքների անդամներից մեկը այսպես է պատմում. «1971 թվին ես հինգ տարեկան տղա էի: Խաղում էի մեր թաղում… Թեև քառասուն տարի է անցել, բայց այս մասին դեռ խոսվում է (…), մեզ դեռ պիտակավորում էին որպես գյավուր-անհավատներ:  Հիմա էլ, երբ հայտնվում ենք մահմեդականների մեջ, մեզ ասում են «գավուր», իսկ երբ հայտնվում ենք հայերի մեջ, մեզ անվանում են «սրի մնացորդ, տաճիկ»: Հիմա մենք ի՞նչ անենք»։ 

Մենք բոլորս էլ գիտենք, որ այս մարդիկ հայերի կողմից հեշտ չեն ընդունվում, և նրանց հայկականությունը կասկածի տակ է դրվում։ Չնայած նրան, որ սա բարդ թեմա է, ինքնությունը չպետք է սահմանափակվի որոշակի օրինաչափություններով կամ ակնկալիքներով: Այս համատեքստում չի կարելի կտրուկ ասել, որ «մահմեդականը չի կարող հայ լինել»: Ի վերջո, կյանքը բարդ ընթացք է՝ լի անսահման հնարավորություններով: Անհրաժեշտ է տարածք բացել գոյության տարբեր ձևերի և փորձառությունների համար:

Օհաննես Քըլըչդաղը

«Ակոս» շաբաթաթերթ