Բայազետի գավառը գտնվում է Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթում:  Հնում՝  Բայազետի տեղում եղել է Դարոյնք բերդավանը, որը Բագրատունի նախարարների ոստանն էր: 

Բայազետը գտնվում է Վանա լճից հյուսիս-արևելք։ Կենտրոնը Բայազետ քաղաքն էր, հիշատակվում է նաև, որպես բերդաքաղաք:  Գավառի միջով էր հոսում Արածանի գետը՝ իր բազմաթիվ վտակներով:

Բայազետի հայ բնակչությունը զբաղվում էր առևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Քաղաքի մոտ 200–ի հասնող խանութների ու կրպակների մեծագույն մասը պատկանում էր հայերին։ Մինչև 18-րդ դարի վերջը Արևմտյան Հայաստանի բազմամարդ ու վաճառաշահ քաղաքներից էր, որի բնակչությունը հասնում էր 2000 տուն հայ բնակչի:

Բայազետում կային մի քանի դպրոցներ: Գործում էր նաև Արամյան երկսեռ վարժարանը, որտեղ մինչև 1914 թվականը ուներ ավելին քան 300  հայ աշակերտներ: Գավառն ուներ համանուն բերդ, եկեղեցիներ:

Հաճախակի կրկնվող  պատերազմներն ու քրդական քոչվոր ցեղերի հարձակումները մի քանի անգամ ավերել ու ամայացրել են բնակավայրը,  տեղահանելով կամ բնաջնջելով  նրա հայ բնակչությանը: Սակայն հայ բնակչության գերակշիռ մեծամասնությունը հասցրեց փրկվել ջարդից և հաստատվել Արևելյան Հայաստանում և տարագրվեցին աշխարհի այլ երկրներ: