Ջերմուկից տեսանելի վայրում անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբին: Այս մասին  նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ասաց․

«Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական խումբը դեռևս դուրս չի եկել, բայց գլխավոր շտաբը ավելի լավ կտիրապետի այդ ինֆորմացիային: Մենք անզեն աչքով տեսնում ենք իրենց՝ տեսանելի տարածքում: Դուք պետք է գլխավոր շտաբի պետին հարցնեք, թե ինքը որ խմբին է նկատի ունեցել՝ ասելով, որ հեռացել է»:

Հիշեցնենք, որ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ից հետո Ջերմուկի ուղղությամբ մնացած հակառակորդի ստորաբաժանումները, կրելով կորուստներ, հետ են շպրտվել: 

Արարատ Գրիգորյանի խոսքով՝ սահմանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է, Ջերմուկում որևէ միջադեպ չի գրանցվել:

Արևմտյան Հայաստանը պահանջում է, որ թուրք-ադրբեջանական զորամիավորումները լքեն բնիկ հայկական տարածքները, որոնք բռնազավթել են ինչպես վերջին պատերազմական գործուղությունների ընթացքում, այնպես էլ դրանից առաջ։ Հորդորում ենք Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոմիության դիտորդական խմբերի ուշադրությունը հրավիրել նմանօրինակ դեպքերի վրա։