Շիկաքար բերդը գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, ներկայումս Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից 1.5 կմ արևմուտք։
18-րդ դարի 20-ական թվականներին հայ ազատագրական շարժման մեջ խոշոր դեր էին խաղում Ղարաբաղի մելիքություններում տեղակայված սխնախները, որոնցից մեկը Շիկաքար-Քարագլուխ բնակավարն էր։ Բերդի պատմական անցյալի հետ են առնչվում նաև մի քանի ռազմական ընդհարումներ’ 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։ Շիկաքար բերդը կառուցվել է ծովի մակերևույիթց 1000 մետր բարձրություն ունեցող սարահարթի վրա: Սարահարթը, որն ընդգրկում է մոտ 300 հեկտար տարածություն, ունի կենսական լավ պայմաններ, ջուր, ծաղկազարդ լանջեր, բերրի վարելահողեր, գեղեցկատես անտառներ։ Բերդի կառուցողները վարպետորեն են օգտագործել տեղանքի անառիկությունը։ Այն երեք կողմերից շրջապատված է բնական դժվարամատչելի ու անհաղթահարելի վիհահերձ ժայռերով, որտեղ կան հինգ նշանավոր քարանձավներ։