Լույս է տեսել  Քազըմ Գյունդողանի հեղինակած «Ալևիացված հայեր» գիրքը: Քազըմ Գյունդողանը հանրությանը ծանոթ է որպես «Երկու պտղունց մազ.Դերսիմի կորուսյալ աղջիկները»  վավերագրական ֆիլմի պրոդյուսեր և «Դերսիմի կորուսյալ աղջիկները– Թերթելե Չենեկու», ինչպես նաև՝  «Վարդապետի թոռները»  գրքերի հեղինակ: Քազըմ Գյունդողանի նոր աշխատանքը ընթերցողին ներկայացվեց՝ «Ալևիացված հայեր-Մենք ենթարկվում ենք Հիսուսին, պարտավոր ենք Ալիին» վերնագրով։ Գիրքը համարձակորեն բացում է Դերսիմի աշխարհագրության մութ էջերից մեկը։ Այն բաղկացած է երեք մասից: Գյունդողանը, ով գիրքը գրելու համար ընդհանուր առմամբ հարցազրույց է ունեցել 90 մարդու հետ, ստեղծագործության մեջ ներառել է 72 հոգուց ստացված անձնական տեղեկությունները,  որը հնարավորություն է ընձեռում գրքի առաջին մասում  ծանոթանալ ալևիացված հայերի իրականությանը։ Երկրորդ մասում, որը վերնագրվում է «Դերսիմի ալեւիների հայկական հիշողությունը»,  հեղինակը, ով ալևի հայերի իրականությունը լսելու կարիք ուներ հենց ալևիներից, ներկայացնում է նրանցից 12-ի հետ ունեցած հարցազրույցները։ Գրքի վերջին՝ 3-րդ մասը, որը վերնագրվել է «Հայկական բնակավայրերը և բնակչությունը Դերսիմում մինչև 1915 թվականը», կապ է հաստատում պատմական իրականության հետ։

Գիրքը Դերսիմի ճիչն է մարդկանց ցավոտ պատմությունների մասին, ովքեր իրենց ներկայացնում են որպես «խոսող համր և տեսնող կույր»:

Ստիպված լինելով հեռանալ Թուրքիայից, Գյունդողանը  դադարեցնում է իր աշխատանքը, որն սկսել էր 2011 թվականին և նպատակ ուներ ավարտել 2017-ին։ Գերմանիայում, որտեղ նա հաստատվում է, աքսոր-ներգաղթ գործընթացի թնջուկում իր հետ տանում է մարդկային պատմությունները և չի հրաժարվում դրանք   թղթին հանձնելու ջանքերից: 2021 թվականին նա ավրտում է գիրքը, որի հիմքում ընդգրկված  փաստերը ձեռք էր բերել շատ լայն աշխարհագրական տարածքից՝ Թուրքիայի տարբեր քաղաքներից մինչև Եվրոպայի տարբեր երկրներ,  Ամերիկայից մինչև Ավստրալիա, Հայաստանից մինչև Լիբանան։

Գյունդողանը, ով պատմական ու սոցիալական անցուդարձի միջով անցած յուրաքանչյուր մարդու բնորոշում է որպես «փաստաթուղթ»,պատմության անմիջական վկաներին  իրավունք է տալիս ուղղակիորեն խոսել և այդ վկայություններին կցում է բազմաթիվ լուսանկարներ: 

Զարմանալի և ցնցող առանձնահատկություններով աչքի ընկնող աշխատությունը ոչ միայն առաջինն է այս ոլորտում, այլ նաև,  բջիջ առ բջիջ հավաքված մանրակրկիտ պատմություններով կարող է ուղեցույց հանդիսանալ այլ ստեղծագործողների համար:

Հիշեցնենք,  որ Քազըմ Գյունդողանն իր գրքերի և փաստագրական ֆիլմերի շնորհիվ ստացել է տարբեր մրցանակներ։

Ստորև ներկայացնում ենք հեղինակի գրքերում զետեղված վկայություններից որոշ հատվածներ.

Շերիֆ Քարաթաշ

«Մենք մեր երեխաներին թլպատեցինք։ Մենք մեր աղոթքները կարդում ենք ըստ ալևիական հավատքի։ Իհարկե, ես հայ եմ, լավ գիտեմ, որ հայ եմ։ Բայց ես ալևի դարձա։ Այսինքն՝ ես հայ ալևի եմ, իմ ճանապարհը ալևիական ճանապարհն է, մեր առաջնորդը ծագում է Քուրեշան Օջախից։

(…) Ես դարձա յոթանասուներեք տարեկան: Ինչ էլ ասեն, սա իմ ճանապարհն է։ Ես  եկեղեցի էլ եմ գնում եմ, այնտեղ էլ եմ աղոթում»: 

Քայրե Ասլանփենչեսի

«Ամուսնացա և հարս եկա այս գյուղ (Դանաբուրան): Նա (ամուսինը՝ Հըդըր Ասլանփենչեսին) հայ է, ես էլ եմ հայ։ Բայց նա սուննի մուսուլման է, ես ալևի եմ… Հայրս ասում էր. «Ես թուրքին աղջիկ չեմ տա, նրանք  Ռամազանին պահք են պահում»։ Եկան մեր  ծանոթ Փիրի  (ալևիների հոգևոր առաջնորդ) մոտ: Հետո հանդիպեցին հորս և ասացին.”Ինչու՞ եք այդպես անում»։ Փիրին տեսնելով՝ հայրս համաձայնեց ու այդպես ինձ տվեցին…»:

Սևգի Վուրալ

«Մեր ընտանիքը գյուղում  տարանջատված էր: (…)

Պապս առատաձեռն էր։ Ձեռնբաց լինելու պատճառը կարծում եմ այլ է։ Տարանջատված, աքսորված, միայնակ մարդը պետք է բոլորին ներկայանա առատաձեռն, հնազանդ և ժպտերես, որպեսզի ընդունեն իրեն …

Ասում եմ՝ այո, ես դերսիմցի եմ, նախնիներիս մեջ հայություն կա։ Բայց դա իմ ինքնությունը չի: Երբեք մի ազգի պատկանելու և նրա մեծությունը կրելու զգացում չեմ ունեցել։ Պատմությունը պետք է մաքրվի։ Կարծում եմ, որ մենք պետք է ամոքենք պատմության ողջ մարդկային ողբերգությունն ու տառապանքը»։

Թեքին Թյուրքել

«Հայերն ինտեգրվել են ալևիական հասարակության մեջ՝ նրանց լեզվով, հավատքով և ապրելակերպով՝ անհրաժեշտությունից դրդված: 

(…) Եթե կա Ջեմևի (ալևիների հավաքատեղի) և մզկիթ, պետք է լինի նաև եկեղեցի: Որովհետեւ մեր հայ քաղաքացիների թիվն իսկապես շատ է Մազգիրտում»։

Ումուտ Դեվլեթլի

«Դերսիմցի լինելն իմ ինքնության առաջին պլանում է… Ես առաջին պլանում չեմ դնում իմ հայկական ինքնությունը, քանի որ մկրտվել եմ երեսունութ տարեկանում: Հետևաբար, փորձում եմ ամբողջացնել ինձ որպես մարդ»։ 

Այդըն Օզդեմիր

«Աղջկաս տատիկը Քըզըլբաշ է, պապը՝ հայ … Հայրը կիսով չափ Քըզըլբաշ է, կիսով չափ հայ և աթեիստ… Մայրը թուրք է, սուննի… Քանի որ մեր տանը ազգամիջյան վեճ, կրոնական քննարկում  չկա, աղջիկս ավելի շատ իրեն զգում է աշխարհի մարդ և շատ ազատ է …նա ասում է, որ ոչ մի կրոն նրա համար ոչինչ չի նշանակում: Միգուցե մեզ պետք են այսպիսի՞ սերունդներ»։

Բիրգյուլ Գյունդողդու Գյոքթաշ

Մի օր ամուսինս ինձ ասաց. «Մեր երեխաներին ինչ-որ կերպ պետք է կրոն սովորեցնենք, նրանք քրիստոնյա՞ կլինեն, թե՞ ալևի։ Ես ասացի. «Ես էլ չգիտեմ, թե ինչ եմ…»:

Ես ինքս դեռ անորոշության մեջ եմ…

Վիկտոր Աքքուշ

«Ես կոմունիստ եմ, ուստի կրոնական համոզմունք չունեմ, բայց մինչև 18 տարեկանս հավատացյալ էի և  պահում էի իսլամի 12  պահքերը: Մեր կյանքում ոչինչ չփոխվեց այն բանից հետո, երբ իմացանք, որ հայ ենք, քանի որ չգիտեինք ոչ հայերեն, ոչ քրիստոնեություն, ոչ էլ հայկական մշակույթը: Ստամբուլի «իսկական հայերը» մեզ որպես հայ չէին ընդունում, նրանք մեզ քուրդ էին համարում, մենք չէինք կարողանում մեր երեխաներին ընդունել հայկական դպրոցներ, մեր հանգուցյալներին չէինք կարողանում եկեղեցու միջոցով հուղարկավորել, նրանց դեռ հուղարկավորում ենք ալևիական Ջեմևիներից»։