Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախը էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:  

«2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ թվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։

Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։

Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ 

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Շուշի քաղաքը Արևմտյան Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի, ինչով պայմանավորված՝ թուրք-ադրբեջանական տանդեմը  փորձում է կոտրել մեր ոգին։ Սակայն պետք է հիշել, որ հայրենիքի համար մղվող պայքարում մեր ոգին անկոտրում է, իսկ բոլոր գործողությունները՝ արդարացված։ Շուշին կա՛ ու կմնա՛ հայկական։