Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ` ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ–ից։ Նրանք կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,– նշեց Թաթոյանը։

Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ` ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ–ը, Ջերմուկի ՀԷԿ–ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։