Ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության և Դերսիմի ռազմական գործողության զոհերի…

Դերսիմի շրջաններից մեկում ոստիկանական բաժանմունք պետք է կառուցվեր: Իհարկե, ժողովուրդը օրեր շարունակ դիմադրեց, բայց ինչ-որ պահի ստիպված եղավ հրաժարվել դիմադրությունից։ Հատուկ տեխնիկան սկսեց հողը փորել, բայց որոշ ժամանակ անց գետնից բոսորագույն մի բան սկսեց հոսել՝ գետինը կարծես արյունահոսեց: Հավաքվածները նկատեցին, որ այդ տարածքի մի տարեց բնակիչ լաց է լինում։ Բնականաբար, մեծ հետաքրքրությամբ հարցրին պապիկին, թե ինչու է լացում, և պապը սկսեց պատմել, որ հայկական ավանդույթի համաձայն, երբ երեխա է ծնվում, հայերը մի քանի կարաս գինի են թաղում հողի մեջ, իսկ երբ երեխան մեծանում է ու ամուսնանում, այդ հնեցված գինին հողից հանում և մեծ հաճույքով մատուցում են հարսանքավորներին… Հողից արտահոսող կարմիր հեղուկը այդ գինիներից էր։

Ըստ էության, այս տխուր պատմությունն սկսվում է ավելի վաղ՝ երբ Բալկաններից  «մահվան աքսորի դատապարտված»  Միություն և առաջադիմություն կուսակցության երիտթուրքական առաջնորդները փորձում էին մեղմել իրենց խորը ցավն ու անզուսպ զայրույթը՝ իսլամացնելով հին Արևմտյան Հայաստանի աշխարհագրությունը՝ համ թուրքացման միջոցով, համ էլ սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային առումով: Նրանք քրիստոնյա բնիկներին, ովքեր շատ լավ ծանոթ էին այս հողին ու  ջրին, օդին, մշակույթին, զանգվածաբար տարան  դեպի մահ՝ անկախ նրանց տարիքից, սեռից, կատարած հանցանքից կամ անմեղությունից: 

Մոտ 1 միլիոն հայեր ստիպված եղան թողնել իրենց հորված  գինիները, իրենց տները, որտեղից միշտ լսվում էին դաշնամուրի հնչյուններ, իրենց բնակավայրերը, և որ ամենից տխուրն է՝ իրենց ապրած կյանքը,  և դաժանորեն քշվեցին դեպի սարսափելի անորոշության անապատը, որի մասին չգիտեի և  չէին էլ ցանկանա իմանալ:

Հիմնականում կանանցից, ծերերից ու երեխաներց կազմված  հայկական շարասյուներից գրեթե բոլորը մահացան՝ այդպես էլ չտեսնելով  այս մահվան ճանապարհի ավարտը: Կա՛մ նրանց վրա հարձակվել էին ու դաժանաբար սպանել ճանապարհին, կա՛մ էլ չդիմանալով՝ ընտրել էին մահը։

Նրանցից մնացած արժեքավոր ապրանքներն ու հողերը Միութենականների գլխավորներն ու տեղի առաջավորները մի հարվածով կիսում էին իրենց միջև՝ իբրև «խաղաղության իրավունք»։ Այսպիսով, թուրքերի և քրդերի այս առաջին մեծ գործընկերությունը, որոնք  գործընկերներ էին լինելու նաև ազատության պատերազմում, սկսվեց այն ժամանակ, երբ նրանք, առանց որևէ ամոթի կամ մեղքի զգացման, կիսեցին իրենց մեղքի և հանցագործության «ավարը»: 

Ազատության պատերազմի հաղթանակով Քեմալականները, որոնք այն ժամանակ ստեղծեցին միութենականների Բ կազմը, չէին բավարարվելու միայն այս տարածքների իսլամացմամբ.  թրքացման ճանապարհին նրանք չէին հրաժարվելու ոչ մի ջարդից, ոչ մի հանցագործությունից կամ մեղքից՝ ինչպես նախկինում: 

Քրդերի տեսակետից՝  «ավարային» համարվող այս համագործակցությունը, որը հաստատվել էր ժամանակին հայերի կյանքի ու ունեցվածքի հաշվին, սկսեց արագորեն փչանալ 1925 թվականից, երբ ընդունվեց Խաղաղության պահպանման օրենքը։

Այն ոչ միայն վատթարացավ, այլեւ քրդերը դարձան երիտասարդ հանրապետական ​​վարչակարգի նոր հայերը։ Նույն վտանգավոր դրդապատճառով նրանք կոտորեցին երկրի քրդերին՝ բռնագրավելով նրանց երազանքներն ու ազատությունը, ինչպես արեցին հայերի հանդեպ։ Ոչ այն չափով, որքան տեղի ունեցավ 1915-ին, այնուամենայնիվ նրանց հավաքեցին իրենց տներից ու այս անգամ ստիպեցին երկար, ու անդառնալի ճամփորդության դեպի արևմուտք՝ դեպի մենակություն։

Ահա թե ինչու Դերսիմցի պապիկը չկարողացավ զսպել իր արցունքները, երբ քանդելու ընթացում հողից «արյուն» էր թափվում:

Քեմալական հանրապետության «մեկ ռասայի» ծրագրի նորագույն զոհերի և միութենական Օսմանյան կայսրության «մեկ կրոնի» նախագծի ամենատարեց զոհերի միջև արյան ու ճակատագրի կապը հաստատվել է հողի մեջ պահված և հնեցված այս գինիների վրա:

Թեև հողից արտահոսող այդ կարմիր հեղուկը միայն հայերի գինին էր, հողի վրա թափվող մեկ այլ «կարմիր հեղուկ» վերաբերում է երկու հին ազգերին, ովքեր օրը ցերեկով սպանվել և կոտորվել են՝ «հավասար քաղաքացի» լինելու և արժանապատվորեն ապրելու համար պայքարում։ 

Ուղուր Գյունեյ Սուբաշը, 2021, Ադանա.