Աղահեճքի ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի արևմտյան եզրի բարձրադիր բլրի գագաթին։ Ամրոցը տեղակայված է Աղավնո գետի աջ ափին բարձրացող լեռնաբազուկի վրա։

2013 թվականին հուշարձանը հայտնաբերել է հնագետ Գ.Մ. Սարգսյանը՝ դաշտային հետախուզական աշխատանքների ընթացքում։

Հուշարձանի վերաբերյալ պատմական տեղեկություններ շատ քիչ են պահպանվել։ Ամրոցը կառուցվել է Ք.ա. 9-8-րդ դարերից ոչ վաղ և գոյատևել է մոտ 300 տարի։

Աղահեճք ամրոցը եզակի հուշարձան է, ուր պահպանված բոլոր ճարտարապետական համալիրները նմանը չունեն Հայաստանի, Հարավային Կովկասի և ամբողջ հետխորհրդային տարածքի հնագույն քաղաքակրթություններում։ Կառուցված լինելով երկաթի լայն տարածման ժամանակաշրջանում, այն կրում է Առաջավոր Ասիայի տարբեր ժամականաշրջաններին ու քաղաքակրթություններին բնորոշ տարրեր, որոնք երբևիցե միասին չեն հանդիպել։