Իմ տարագրության ամենացավալի օրերից մեկում՝ նոյեմբերի 5-ին լրացավ 80-ականների սերնդի մեր ընկեր, գրող, բանաստեղծ և հեղափոխական Նուբար Յալըմյանի մահվան 40-րդ տարին, ով սպանվեց  Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում՝ անվտանգության ծառայության մարդասպանների կողմից։

1957-ին հայկական Վարդո գավառակի աշիրեթներից մեկում ծնված Նուբարը 1969-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստամբուլ, ուսանողական տարիներին՝ 1974-75-ին մասնակցել է հեղափոխական շարժմանը  և ներգրավվել պարտիզանների շարքերում, 1978 թ. մեկնել է Նիդերլանդներ՝ ակտիվորեն մասնակցելու սեպտեմբերի 12-ի խունտայի դեմ դիմադրությանը։

Նուբարը, ով մասնակցել է Հոլանդիայում հայկական «Բայքար» (Մարտական) թերթի և Հոլանդիայի հայ երիտասարդների ասոցիացիայի ստեղծմանը, նաև որպես միջնորդ է հանդիսացել քրդական, թուրքական և հայկական կազմակերպությունների միջև:

Բելգիայի դեմոկրատ հայերի ասոցիացիայի հաղորդագրության համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 26-ին Արևմտյան Հայաստանի  Դերսիմի շրջանում սպարապետ Արմենակ Բաքըրջյանի պատվին կանգնեցված հուշաքարի վրա փորագրված են եղել նաև Հրանտ Դինքի, Մանուել Դեմիրի, Գևորգ Չավուշի, Մոնթե Մելքոնյանի, Անդրանիկ Օզանյանի և Նուբար Յալըմյան անունները, սակայն հուշարձանը ոչնչացվել է թուրքական բանակի կողմից։

Յալըմյանի մահվան տարելիցի կապակցությամբ Ինֆո-Թյուրքի անունից սոցցանցերում մեր կատարած գրառմանը Հազար Յուքսելը ուղերձ էր հղել, որն անչափ հուզեց ինձ։ Այն ինձ հիշեցրեց 1981թ.-ին մեր քուրդ ընկերների ՝՝Թեկոշեր՝՝ կազմակերպության՝ Նովրուզի գիշերը Բրյուսելում կազմակերպած  միջոցառումը, որտեղ ելույթ ունեցողների թվում էինք ես և Նուբար Յալըմյանը։ Իմ քաղաքական պայքարի ընթացքում առաջին անգամ այդ գիշեր մենք խոսափող կիսեցինք հայ հեղափոխականի հետ…

Տարագիր հայերի հետ գործնական հարաբերություններ հաստատելը հնարավոր եղավ միայն այն ժամանակ, երբ Նուբար Յալըմյանի ընտանիքի մտերիմներն ու ընկերները ստեղծեցին Բելգիայի դեմոկրատական ​​հայկական ասոցիացիան։

Նիդերլանդների հայտնի քանդակագործներից Սուաթ Օղութը, ով  «Առաջին թուրք ներգաղթյալ կամ հեղափոխության անանուն հերոսներ» խորագրով քանդակների ցուցահանդեսում ներկայացրել էր նաև Նուբար Յալըմյանի կիսանդրին, Կոստանդնուպոլսում կայացած ցուցահանդեսի բացման կապակցությամբ 2015 թվականի հունվարի 2-ին «Ակոս» թերթում տպագրված հարցազրույցում «Ինչպե՞ս Նուբար Յալըմյանի փորձառություններն ու գործողությունները ներգրավվեցին նախագծում» հարցին պատասխանում է այսպես.«Երբ ես նոր էի տեղափոխվել Բելգիա, սկսեցի ուսումնասիրել 60-ականների «հյուր միգրանտների» համաձայնագիրը  և եվրոպական ինը երկրներում ներգաղթյալների հարցը, որտեղ  նույնպես գործում էր այդ համաձայնագիրը: Ես ուսումնասիրում էի մարդկանց, ովքեր գաղթել են տարբեր պատճառներով: Ներգաղթի տեսանելի խնդիրների կողքին ինձ հետաքրքրեցին դրա ենթավերնագրերը։ 60-ական, 70-ական և 80-ական թվականները Թուրքիայի համար այնքան էլ հաճելի ժամանակներ չէին։ Ռազմական հեղաշրջումների և տարբեր իրադարձությունների հետևանքով շատ մարդիկ ստիպված եղան գաղթել Եվրոպա։ Քաղաքական ներգաղթյալների հարցը միջանկյալ խնդիր է, որը չի լուծվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Եվրոպայում: Իմ ցուցահանդեսի «հեղափոխության անանուն հերոսները» նրանք են։ Իմ հետազոտությունների ընթացքում ես հանդիպեցի Դողան Օզգյուդենին և նրա կնոջը, ովքեր 70-ականներին քաղաքական դրդապատճառներով լքել են Թուրքիան։ Օզգյուդենը գրել է երկհատոր գիրք «Քաղաքացիություն չունեցող լրագրողը» վերնագրով, որը վերաբերում է թե՛ Թուրքիայի, թե՛ Եվրոպայի քաղաքական դիրքորոշմանը 1950-ականներից սկսած։ Այդ գիրքը կարևոր ռեսուրս է իմ նախագծի համար: Գրքում հիշատակվում է նաեւ Նուբար Յալըմյանը, ում մասին մասնավորապես նշվում է, որ երիտասարդ տարիքում սպանված Յալըմյանը ներգաղթել է Նիդերլանդներ 1978 թվականին։ Հետագայում խունտայի վարչակազմի ընդունած որոշումների արդյունքում շարժում սկսվեց Եվրոպայում բնակվող հայերի դեմ։ Գրքում նշվում է նաև, որ Նուբար Յալըմյանը սպանվել է թուրքական գաղտնի ծառայությունների կողմից՝ խունտայի վարչակազմի որոշմամբ։ Սրա մասին են վկայում նաեւ Սուսուրլուքի միջադեպից հետո գտնված փաստաթղթերն ու հայտարարությունները։ Յալըմյանին մահացած են գտել Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում գտնվող իր տանը՝ 1982 թվականին։ Նա դարձել է չբացահայտված սպանության զոհ»։