Դերսիմում հարգանքի տուրք են մատուցել Սեյիթ Ռըզայի և նրա ընկերների հիշատակին՝ նրանց մահապատժի 85-րդ տարելիցի կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա են գտնվել ալևիական կառույցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և ժողովրդավար ուժերի ներկայացուցիչներ։

Քաղաքական գործիչ Մերալ Դանըշ Բեշթաշը,  հիշատակելով Սեյիթ Ռըզային, նշել է, որ նա այս հողերի ցավի ու տառապանքի մի մասնիկն է, և ավելացրել է. «Սեյիթ Ռըզայի մեզ թողած ամենամեծ ժառանգություններից մեկը ծնկի չգալն է ու գլուխ չխոնարհելը»։

Դերսիմի ժողովրդական առաջնորդներին 85 տարի առաջ մահապատժի ենթարկելու գլխավոր նպատակը Դերսիմում ցեղասպանություն իրականացնելն էր,  որը ավելի հեշտ կկիրառվեր առանց  առաջնորդի ու ղեկավարի մնացած ժողովրդի դեմ։ 

1937-38 թվականներին Դերսիմը ռմբակոծվեց ինքնաթիռներից, քարանձավներում քիմիական գազերով զանգվածային սպանություններ իրականացվեցին կանանց, երեխաների, երիտասարդների, տարեցների հանդեպ։  Ցեղասպանությունից հետո իրենց հողերից պոկված մարդիկ ստիպված արտագաղթեցին։

Նշենք, որ Սեյիթ Ռըզան ծնվել է Դերսիմի գյուղերից մեկում, հանդիսացել է ալեւի-զազա ցեղերից մեկի առաջնորդը, գլխավորել թուրքական պետության դեմ ապստամբությունները։ Թուրքական մամուլում բազմաթիվ վկայություններ կան, որ նա հայ է եղել։ Նրա վրանից խուզարկության ժամանակ հայտնաբերել են հայերեն գրություններով խաչեր եւ հայերենով գիրք։