Արևմտյան Հայաստանի Երզնկայի Դերջան գավառում կառուցված Ապրանք վանքը թողնված է ճակատագրի քմահաճույքին։ Եկեղեցու մուտքի դռան վրա նշված է, որ այն կառուցվել է 1854 թվականին։  Ճարտարապետական առումով եկեղեցին արժեքավոր է: Չնայած գանձագողերի ավերածություններին՝ եկեղեցին և կից մատուռը կարողացել են կանգուն մնալ և մեր օրեր հասնել։ Հիշեցնենք, որ Երզնկայի Ապրանք վանքի իրական անվանումը Սուրբ Դավիթ է, և որ հենց այս վանքի մոտ են գտնվում Երզնկայի երկու հայտնի խաչքարերը։ Ուչփընար գյուղի Վանք լեռան վրա կառուցված վանքը 19-րդ դարում եղել է այս շրջանի հոգևոր կենտրոնը։ Վանքի 2 խաչքարերն ամենամեծն են այդ տարածաշրջանում: Նրանց վրա առկա են բազմաթիվ հայերեն գրություններ: 4 մ բարձրություն և 1 մ լայնություն ունեցող խաչքարերից մեկի վրա փորագրված են 1191, իսկ մյուսի՝ 1194 տարեթվերը։