Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում աջակցությունն Ադրբեջանին։ Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ այդ օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ, և ինչո՞ւ Վաշինգտոնը չի փոխել վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ Հայաստանի վրա սեպտեմբերին կատարված հարձակումից հետո։ Սրանք էին հիմնականում հարցերը, որոնք երեկ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ուղղում էին տարածաշրջանով զբաղվող ամերիկացի երկու բարձրաստիճան դիվանագետներին՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին և պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։

Քննարկումը սկսեց հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը՝ հստակ հարցադրմամբ. — «Միացյալ Նահանգները ինչո՞վ կարող է արդարացնել որևէ անվտանգային կամ այլ տեսակի աջակցության տրամադրումը Բաքվի վարչակազմին։ Դա անընդունելի է, բարոյապես աններելի և ծաղրի է ենթարկում Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ բանաձևն ասում է՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Ղարաբաղի դեմ ու չի վերացրել շրջափակումը»։

Ի պատասխան՝ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը միանշանակ պնդում էր՝ որոշումը կայացնելիս ծանրութեթև են արել բոլոր փաստերը, տրամադրվում են միայն պաշտպանական միջոցներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ։