Ուշ միջնադարի հայ մեծանուն բանաստեղծ, աշուղ և նկարիչ Նաղաշ Հովնաթանը ծնվել է 1661թ. Նախիջևանում: Նա թողել է գրական ու գեղարվեստական հարուստ ժառանգություն (ավելի քան հինգ տասնյակ ձեռագիր)։ Հովնաթանը գրել է նաև կրոնական–ծիսական բնույթի երգեր՝ օգտվելով ժողովրդական բանահյուսությունից: 

Ն. Հովնաթանը մեծ համբավ է վայելել՝ որպես վարպետ նկարիչ  և վաստակել է «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Նա ձևավորել է շենքեր ու եկեղեցիներ Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում: 1679թ. մեծ երկրաշարժից հետո նա եկավ Երևան և նկարազարդեց Սբ. Պողոս Պետրոս, Սբ. Անանիա և Սբ. Կաթողիկե եկեղեցիները, իսկ 1710-ական թվականներին հրավիրվեց Էջմիածին` նկարազարդելու Մայր տաճարը։