Պատմությունը ականատես է եղել ոչ միայն շովինիզմով ու կրոնով վարակված և գերիշխող տղամարդկային մտածելակերպով ֆաշիստների հալածանքներին, այլև իրենց ազատության և արժանապատվության համար դիմադրող կանանց պայքարին։ Այսօր կանանց դիմադրության գիտակցությունն ավելի է անհրաժեշտ, քան նախկինում։

Պատմությունն ու մարդկությունը վկայում են, որ գոյապայքարի ամենաճիշտ և ամենաարդար ձևը դիմադրությունն է։ Դիմադրությունը  միշտ եղել է այն ճանապարհը, որին ստիպված են եղել դիմել ճնշվածները։ Իսկ եթե ​​դիմադրության առաջամարտիկները կին հեղափոխականներ են, ապա պատմությունը կգրվի  ավելի վառ գույներով։ Եթե ​​նախկինում հայազգի, սիրիացի, հույն կին ազատամարտիկների պայքարը չի ընկալվել, ապա այսօր էլ համապատասխանաբար չի ընկալվում քուրդ կանանց հերոսական դիմադրությունը։

Ուրֆացի Մարիամ Չիլինգիրյանը, Խանում Քեթենջյանը, Ագուլի Թաթուլյանը, Սուլթան Սիմյանը եղել են այն ռահվիրաները, որոնք կազմակերպել են հայ կանանց դիմադրությունը։

Օսմանյան զինվորները մտնում էին  հայկական թաղամասեր, ժողովրդին բռնությամբ հեռացնում  իրենց տներից և աքսորում, որը վերածվում էր մահվան ճանապարհների։ Մարիամ Չիլինգիրյանն ու Խանում Քեթենջյանը իրենց հիմնած «Կանանց միության» հետ դիմադրեցին՝ օսմանյան զինվորների մուտքը հայկական թաղամասեր արգելելու համար։ 30 հոգանոց «Կանանց միության» հիմնադիր և ղեկավար Խանում Քեթենջյանը զենքով պայքարում է օսմանա-թուրքական ցեղասպանության դեմ։

Ագուլի Թաթուլյանը մասնակցել է Հաճընի (Ադանայի Սաիմբեյլիի շրջան) դիմադրությանը։ Դիմադրության դուրս եկած հայ կին կամավորները,  հագնելով տղամարդու հագուստ՝ իրենց առաջին գործողություններն իրականացրեցին օսմանյան ոստիկանատունը գրավելով։ Նրանք հավաքում են ոստիկանական բաժանմունքի ամբողջ զենքը և վերադառնում իրենց թաղամասերը։ Դիմադրության ալիքը տարածվեց հայկական թաղամասերում ու տներում։ Հայ կնոջ գիտակցության մեջ ու սրտում ամրապնդվեց հույսը: Այն ավելի մեծացրեց դիմադրության գաղափարը՝ լինել ավելի ուժեղ, քան  բռնակալի զենքը։

Ցեղասպանության պատվիրատու գերմանացի սպաները տարածաշրջանի ավազակախմբերի հետ միասին փորձում են կոտրել կանանց դիմադրությունը։ Ուրֆայի հայկական թաղամասերում դաժան հակամարտությունը շարունակվում է. Մարիամ Չիլինգիրյանն իր համախոհ ընկերուհիների հետ նահատակվում է այս բախումների ընթացքում։ Իսկ Խանումն ու իր չորս ընկերուհիները գերի են ընկնում։

Թուրք սպան առաջարկում է  Խանումին հանձնվել, որպեսզի կյանքը կփրկվի, իսկ եթե նա ընդունի լինել իր կինը, նրա համար նոր կյանք կսկսվի։ Խանումի պատասխանը պարզ էր ու անմիջական. եթե իր կյանքը խնայեն, նա «կվերադառնա ու կշարունակի դիմադրել, կգերադասի մեռնել՝ դիմադրելով»։ Ամուսնության առաջարկը նա համարում է  «անպատվություն», որից հետո սպային արժանի պատիժ է տալիս գրպանում պահած ատրճանակով։

Մարդասպանները Խանում Քեթենջյանին և ևս չորս կին ազատամարտիկի  գնդակահարեցին։

Այո, եթե կանայք գլուխ բարձրացնեն ճնշումներից և տղամարդկանց հալածանքներից, կոտրեն իրենց շղթայի առաջին օղակը, նրանք մեռած հողերը կարող են վերածել ապրող և ազատ հողերի, և կստեղծվի մի աշխարհ, որտեղ երեխաներին չեն սպանում։

Միայն մտքով ու ձեռքերով աշխատող մարդիկ ու կանայք կարող են վերստեղծել աշխարհն ու կյանքը: 

Նուբար Օզանյան

Leave a Reply