ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 77-րդ նստաշրջանում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շրջանակում քննարկել և 2022թ․ նոյեմբերի 1-ին փաստաթուղթ է ընդունել անհայտ կորած անձանց իրավունքների վերաբերյալ։ Փաստաթուղթն անդրադառնում և կարևորում է այնպիսի հարցեր, որոնց մասին մշտապես բարձրաձայնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համատեքստում, այդ թվում՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի հիմնավորումներում։ Դրանք այնպիսի մեխանիզմներ են, որոնք հնարավորություն կտան անհայտ կորած անձանց ստանալու իրավական կարգավիճակ, իսկ նրանց ընտանիքի անդամներին՝ ստանալու սոցիալական երաշխիքներ, լուծելու իրենց առողջապահական, կրթական խնդիրները, իրացնելու տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը։