Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, ասել է․ «Կարեւոր է նշել, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մուտքը սահմանափակ է: Ես ինքս չկարողացա այցելել այնտեղ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատեն մարդասիրական կարիքները եւ ծրագրեր մշակեն»։

Շատ էական է, որ Ռիքերը խոսել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մեկնելու մասին։ Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է որպես հայկական սուբյեկտ։ Իր հերթին, Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության մեխանիզմը չի գործում, սակայն ձևաչափի մանդատն ու նպատակը պահպանվում են։ Այսինքն, մանդատը չեղարկված չէ, հարցը կարգավորված չէ, համանախագահի մուտքը չպետք է արգելվի։ Եթե արգելվում է, ուրեմն Լեռնային Ղարաբաղը օկուպացված է, եւ Ռիքերը փաստացի արձանագրում է այդ հանգամանքը։