ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդը, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարության վերաբերյալ լսումների ժամանակ, ասել է․ «Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամուր երբեք չեն եղել։ Մենք շարունակում ենք ուղիներ որոնել՝ անվտանգության ոլորտում հարաբերությունները ընդլայնելու եւ ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունն այս գործընկերության առաջնային ձեւաչափն է: Մայիսին Վաշինգտոնում կայացած Ռազմավարական երկխոսության ժամանակ մենք Հայաստանի հետ միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը եւ կառուցել հայ-ամերիկյան ավելի ամուր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում, ներառյալ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տրամադրումը։ Ես ոգեւորված եմ հաջորդ տարի Երեւանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առաջիկա մասնակցությամբ»։