44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված և Հայաստան տեղափոխված գորգերի ցուցադրության և պահպանման վայրը դեռևս անորոշ է: ԿԳՄՍ նախարարությունն ու տնօրենն այդպես էլ չեն կարողանում որևէ տարածք ընտրել ու դրա շուրջ համաձայնության գալ, իսկ պատճառները տարբեր են:

Մինչ այս հարցը, ի վերջո, կգտնի իր լուծումը՝ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը որոշել է ձեռքերը ծալած չնստել ու շրջիկ ցուցադրություններ կազմակերպել: Առաջին կանգառը կլինի Վանաձորում՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում: Վանաձորյան ցուցադրության բացումը կլինի նոյեմբերի 18-ին, ժամը 18:00-ին:

«Որոշել եմ շրջիկ ցուցադրություն կազմակերպել տարբեր մարզերում, որովհետև տեսնում եմ, որ այնտեղ ավելի հետաքրքրված են: Տեսնում եմ, որ մարդիկ ուզում են սովորել այնտեղ: Ցուցադրությունը կտևի մի քանի ամիս, լինելու են նաև կրթական ծրագրեր՝ կապված գորգարվեստի հետ: Սա կնպաստի, որ մարդիկ կրթվեն, ձևավորվի երիտասարդների թիմ, ովքեր շարունակելու են այս ամենը»,- մեզ հետ զրույցում հայտնեց Վարդան Ասծատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ ցուցահանդեսի տոմսի արժեքը 1000 դրամ է: