Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով: Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում նաև գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը այս անգամ կրակ է բացել Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը։ 

Բոլոր հանցավոր դեպքերն արձանագրվում և փաստագրվում են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝  քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արցախի Հանրապետության դատախազության կողմից նշված դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի դատախազին, յուրաքանչյուր դեպքում կոչ է արվում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և պատշաճ քննություն իրականացնել։

Արևմտյան Հայաստանը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան և հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը այս փաստի վրա։ Այն, ինչին ականատես են լինում իրենց բնիկ տարածքներում ապրող  խաղաղ բնակիչները,պարզապես անթույլատրելի է։