Էդանուր Թանըշ
Գևորգ Թաշքըրանի հետ զրուցեցինք «Բողոքական քրիստոնեության եւ կզլբաշների հավատքի ծնունդը» աշխատության հեղինակ Նազարեթ Տաղավարյանի մասին: Գիրքը թուրքերեն թարգմանել է Գևորգ Թաշքըրանը։ Այս վավերագրական գրքում Նազարեթ Տաղավարյանը մանրամասնում է, թե ինչպես են ծնվել բողոքականությունը և կզլբաշների հավատքը, ինչպես նաև նկարագրում է ընդհանուր իրավիճակը օսմանյան ժամանակներում։
Թաշքըրանը նշեց, որ գիրքը տվյալ ոլորտում առաջին և միակ գիտական ուսումնասիրությունն է: Նրա խոսքով՝ մեծ կորուստ է, որ Նազարեթ Տաղավարյանի նման կարևոր անունն այնքան էլ հայտնի չէ գրականասերների և պատմություն ուսումնասիրողների շրջանում։
Ինչպե՞ս որոշեցիք թարգմանել գիրքը
Մի փոքր պատմեմ իմ մասին, որ հասկանալի դառնա։ Ես ծագումով հայ և կզլբաշ եմ։ Կզլբաշ բառի փոխարեն մենք ասում ենք «Լույսի խումբ»։ Երկու պատկանելությունն էլ իմ սեփականությունն են: Գիրքը թարգմանել եմ պարտքի զգացումից մղված: Ընդունեք ե՛վ որպես ծառայություն, և՛ որպես պարտք՝ մարդկությանը։
Ո՞րն է գրքի հիմնական թեզը
Հիմնվելով հեղինակի բացատրությունների վրա, կարծում եմ, որ նրա հիմնական թեզը պետք է լինի «Հավատքի աղբյուրների» և հատկապես «ծեսերի» նմանությունը բողոքական գնոստիկների (1-3-րդ դարերի կրոնափիլիսոփայական ուսմունքների հետևորդներ, որոնց ընդհանուր հատկանիշն է քրիստոնեական ուսմունքի միացումը բազմաստված կրոններին) և Կզլբաշների միջև։
Կարո՞ղ եք խոսել այն պատմական ծագման մասին, որը միավորում է բողոքականության և Կզլբաշության հավատքը
Պատմական ծագումը, որը միավորում է բողոքականությունն ու Կզլբաշությունը, բխում է այն փաստից, որ անկախ որոշակի տարանջատումներից, նույն երկրում միասին հազարավոր տարիներ ապրող, գուցե և նույն արմատից սկիզբ առնող մարդիկ հիմնականում առաջնորդվում են նույն «ողջամտությամբ»:
Կարո՞ղ եք նրանց հավատքի նմանության ընդհանուր կետեր օրինակ բերել
Կարծում եմ, որ երկու հավատքները և նրանց «գնոստիկական» մոտեցումը միասնական դիրքորոշում ունեն «պաշտոնական, թելադրված կրոնների» դեմ։ Այս ամենը ավելի պարզ հասկանալու հնարավորություն է տալիս գիրքը:
Իսկ ո՞րն է այս գրքի տարբերությունն ու ինքնատիպությունը ալևիության մասին գրված գրքերի համեմատ
Այս գրքի առանձնահատկությունն այն է, որ այն առաջին և միակ գիտական ուսումնասիրությունն է իր տեսակի մեջ։ Գիրքը արժեքավոր ռեսուրս է ակադեմիական ուսումնասիրությունների համար:
Սուննի թուրքերից և Կզլբաշներից ի՞նչ արձագանքներ ստացաք գրքի վերաբերյալ
Թեման պետք է իմանալ ըստ էության: Այս հավատքը, որը մենք անվանում ենք «Լույսի խումբ», մի հավատքի համակարգ է, որն ունի հազարավոր տարիների պատմություն այն երկրում, որտեղ մենք ապրում ենք: Դա կյանքի ու սիրո համակարգն է։ Հատկապես նրանք, ովքեր կարծում են, որ այս հավատքը կապված է իսլամի հետ, և միգուցե կցանկանային, որ այդպես լիներ, պարզապես դատարկաբանում են: Համենայնդեպս, ես նրանց խորհուրդ եմ տալիս լավ կարդալ պատմությունը:
Բարձր գիտակցության տեր Կըզըլբաշները շնորհակալություն են հայտնում:
Գրքի առաջաբանի հեղինակ Մեհմեդ Բայրաքը ասում է, որ անհնար է, որ թուրք գրողները և պատմաբանները տեղյակ չլինեն այս աշխատությունից, և որ այն դիտավորյալ անտեսվում է։ Կարո՞ղ ենք իմանալ ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ
Պարոն Մեհմեթ Բայրաքթարը շատ բովանդակալից առաջաբան է գրել այս գրքի համար։ Ես համակարծիք եմ նրա հետ:
Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել գիրքը կարդալիս, ի՞նչ խորհուրդներ կտայիք
Հիմնական ընթերցողները արդեն կարդացել են կամ տեղյակ են նմանատիպ ստեղծագործությունների մասին։ Առաջին անգամ ընթերցել ցանկացողներին իմ խորհուրդն է այս գրքի հետ մեկտեղ գտնել և կարդալ այլ հետազոտող հեղինակների գործերը:
Կա՞ն հայերեն այլ գործեր, որոնք նախատեսում եք թարգմանել կամ այս պահին թարգմանում եք
Այո կան: Դրանցից մեկը Երվանդ Օդյանի վերջին ստեղծագործությունն է:
Այժմ աշխատում եմ նույն հեղինակի մեկ այլ գրքի վրա։
Եղե՞լ են դեպքեր, երբ թարգմանելիս հանդիպել եք դժվարության: Ի վերջո, ստեղծագործությունը գրվել է 1900-ականների սկզբին
Ոչ, չի եղել: Իհարկե, հանդիպել են բառեր, որոնք ես դժվարությամբ էի հիշում, բայց դրանք բոլորովին չեն խոչընդոտել թարգմանության ընթացքին։ 1820-ականներից հետո գրված բոլոր հայերեն տեքստերը գրեթե չեն տարբերվում այսօրվա հայերենից։ Սրա պատճառն այն է, որ հայերենը ինքնաբավ և հզոր լեզու է։
Մի փոքր կպատմե՞ք Նազարեթ Տաղավարյանի մասին
Բազմակողմանի զարգացած և բեղմնավոր մարդ՝ բոլոր ոլորտներում: Նա մինչև իր մահը հետաքրքրվում էր գիտությամբ, գրականությամբ, բանասիրությամբ և բժշկությամբ։ «Բնության պատմություն», «Միզուղիների քարերի հետազոտություն», «Հայոց գրերի ծնունդը», «Մանրէաբանություն», «Տիեզերքի կազմավորումը», «Գրիգոր Աղաթոն», «Հիվանդությունների բառարան», «Դարվինիզմ», «Հին հայկական կրոններ», «Մարդու անատոմիա», «Առողջություն», «Հայերի համառոտ պատմությունը» ստեղծագործությունները նրա գրքերից ընդամենը մի քանիսն են։