Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց շատ եկեղեցիների տակ կարելի է տեսնել հեթանոսական տաճարների հիմքեր, իսկ խորաններում՝ սրբազան կրակի մոխիր: Ագաթանգեղոսը, անդրադառնալով քրիստոնեության տարածման ժամանակ Դիցապաշտ Հայոց մեհյանների կործանմանը, բազմիցս նշում է նրանց ընդարձակ տիրույթների ու գանձերի մասին: Օրինակներից մեկն է Արտաշատում Անահիտ Դիցամոր ու նրա մոտ գտնվող Տիր Դիցի մեհյանների ավերման նկարագրությունը՝դրանց մթերյալ գանձերը գրավեցին, բաժանեցին աղքատներին, իսկ տաճարներին պատկանող քաղաքատիպ ավանները՝ հողերով և սահմաններով նվիրվեցին եկեղեցուն։ Համանման վկայությունների պատմիչը նկարագրում է նաև Արամազդի, Անահիտի, Նանեի, Միհրի մեհյանների, ինչպես և Վահագնի, Աստղիկի և Անահիտի՝ Աշտիշատում գտնվող մեհյանների կործանումը։

Հնագույն տաճարների կործանումը վկայված է բազմաթիվ տեքստերում, ինչը և  հաճախ փաստում է հնագիտությունը. խաթարված ծեսեր, քանդված տաճարներ, հատված (կտրված) սրբազան ծառեր, սրբազան աղբյուրների աղտոտում»: