Կիպրոսը Տարագիր հայութեան կրթական կենտրոններից մեկն է։ Առաջին հայկական դպրոցը բացվել է 1870 թվականին Նիկոզիայում։ 1886 թվականից գործել են Վարդանանց և Շուշանյան տարրական դպրոցները։ Ցեղասպանությունից հետո հիմնադրվել են բազմաթիվ նոր դպրոցներ։ 1924 թվականին Նիկոզիայում հիմնվել է հայկական հայտնի կրթօջախներից մեկը՝ Մելգոնյան կրթական հաստատությունը։ Այստեղ դասավանդվել է հայոց լեզու, հայ գրականություն, գրաբար, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, բնագիտական առարկաներ, օտար լեզուներ։ Դասավանդման հիմնական լեզուն անգլերեն էր։ Հրատարակել է «Այգ» տարեգիրքը, «Ցոլք» պարբերականը, 1998 թվականից՝ «Հայացք» ամսաթերթը։ 2007 թվականին դպրոցը փակվել է։
1972 թվականից Կիպրոսի Նիկոզիա, Լառնակա, Լիմասոլ քաղաքներում գործում են «Նարեկ» ազգային միջնակարգ վարժարանները, որոնք ղեկավարում է ընդհանուր տնօրինությունը։ Կրթօջախների ուսումնական ծրագրերում մեծ տեղ է հատկացվում ազգային դաստիարակությանը, հայագիտական առարկաներին։