Արևմտյան Հայաստանի տաղանդավոր զավակներից մեկ՝ Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1873 թ-ից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874 թ-ից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի: 

Սիրանույշը հայ թատրոնի ամենախոշոր դեմքերից է. հզոր խառնվածքը, անմիջականությունն ու անկեղծությունը վարպետորեն զուգակցել է 

դերասանական բարձր տեխնիկային: Նրա անվան հետ է կապված 

հայ թատրոնի պատմության մի ողջ շրջան: 1895 թ-ից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում, Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի քաղաքներում: Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր։  Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թ-ին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով: 

Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել XX դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում:  Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը: