Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը:  Այս մասին ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով:

«Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ՝ չնայած այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել»: Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունքներից մեկն է, և Արցախի ժողովուրդն արժանի է այն բանին, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին:

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև շեշտում է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետևանքները, որն «Արևմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաև «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»: