Արցախյան  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցան 10 պետական և 2 ոչ պետական թանգարաններ, որտեղ պահպանվում էին 20885 ցուցանմուշներ: Այս մասին  նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացած գիտագործնական համաժողովի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ  բռնազավթված տարածքներում է մնացել  մոտ 2000 հուշարձան: 

«Մեր կողմից վկայագրված 346 վանական համալիր եկեղեցի մատուռից 169, ինչպես նաև  117 ամրոցից 52-ը մնացել է թշնամու տիրապետության տակ»,-մանրամասնել է Լ. Հովհաննիսյանը:

 Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսված՝  հայկական մշակութային ժառանգության ավերումն ու բռնայուրացումն իրականացվում է երկու խմբով: 

«1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները  հստակ հրամանով ոչնչացվում են. օրինակ՝ Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարը, Որոտանի խաչքարային խմբերը: Մինչև 19-րդ դարի մեր մշակութային ժառանգությունը բռնայուրացվում է, որը  սկսվել է դեռ խորհրդային ժամանակներից»,-ընգծել է Լեռնիկ Հովհաննիսյանը: