
Օկուպացված Արեւմտյան Հայաստանում շատ դժվար է հանդիպել մի ընտանիքի կամ ընկերության, որը երեք սերունդ շարունակ զբաղվում է արդյունաբերությամբ: Այսօրվա որոշ խոշոր արդյունաբերող կազմակերպությունների ձևավորումը, եթե նույնիսկ սկիզբ է առնում Թուրքիայի հանրապետության առաջին տարիներից, միևնույն է, նրանց անցումը դեպի արդյունաբերություն տեղի է ունեցել միայն 1950-60-ական թվականներին: Առաջին տեղում առևտրական գործունեությունն է, որին հաջորդում է արդյունաբերական գործունեությունը։
Այս արտադրողներից շատ քչերն են շարունակել զարգանալ երեք սերունդ և հասնել մեր օրերը՝ մեծացնելով արտադրության ծավալը: Յարմայանների ընտանիքը այդպիսի հազվագյուտ օրինակներից է։ 1922 թվականին Փերշեմբե շուկայում սկսվեց ընտանիքի պապի՝ Հարություն Յարմայանի արտադրությունը: Նախ նրա որդին՝ Միհրանը գործունեությունն սկսեց մի փոքր արտադրամասում, իսկ հետո թոռը՝ Արսենը այդ արտադրամասը վերածեց ժամանակակից գործարանի։
Թոքաթից Կոստանդնուպոլիս, գյուղատնտեսությունից առևտուր
Յարմայանների ընտանիքի արմատները հասնում են մինչև 19-րդ դարի սկիզբը: Ծննդավայրը՝ Թոքաթ։ 1934-ի ազգանունների մասին օրենքից հետո նրանք վերցրել են իրենց «Յարմայան» ազգանունը, որը հետագայում պետք է դառնար «Յարման»։ «Յարման» նշանակում է հարդից մաքրված ցորեն: Ընտանիքի անդամները ջրաղացպաններ էին: Բացի ջրաղացպանությունից, հիմնական զբաղմունքներից էր գյուղատնտեսությունը, հատկապես խաղողագործությունը։ 20-րդ դարի սկզբին Յարմայանները համարվում էին տարածաշրջանի հարուստ և նշանավոր ընտանիքներից մեկը։ Արշակ Ալբոյաջյանի «Բադմություն Եվթոգյո Հայոց» գրքում («Թոքաթի հայերի պատմությունը», Կահիրե, 1952) նշվում է, որ նախապապ Աբրահամ Յարմայանը 1882 թվականին եղել է Թոքաթի եկեղեցու խորհրդի անդամ, 1908 թ.վանքի տնօրենների խորհրդի անդամ և 1914 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է որպես պատգամավոր:
Մինչև 1915 թվականի տեղահանությունը Յարմայանները մեծ ընտանիք էին։ Ընտանիքը, որի թիվը գերազանցում էր 20-ը, ապրում էր Թոքաթի Սուլու փողոցում գտնվող մեծ առանձնատանը: Յարմայան ընտանիքի անդամներն իրենց կրթությունը ստացել են Թոքաթի Ամերիկյան քոլեջում։ Հարություն Յարմայանի եղբայր Մինաս Յարմայանը շարունակում է ուսումը՝ գնալով Բեյրութ։ Մինաս Յարմայանը, ով 1906 թվականին ավարտել է Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատում է որպես զինվորական բժիշկ Երզնկայի Ազիզիե հիվանդանոցում՝ հայերի ցեղասպանության ժամանակ։ Բժիշկ Մեզբուրյանի «Հայկական ծագումով բժիշկներ» (1957, էջ 243) գրքում և Ստամբուլում հայերեն տպագրվող «Նոր կյանք» թերթի 1.2.1918 թ համարում՝ ՝՝Նահատակ հայ բժիշկներ՝՝ վերնագրված հոդվածում նշվում է, որ Մինաս Յարմայանը սպանվել է Երզնկայի Ազիզիե հիվանդանոցում՝ բուժքույրերի կողմից բռնությամբ թմրանյութ ներարկելու միջոցով:
1915-ի բռնագաղթի ժամանակ ընտանիքը չի լքում Թոքաթը: Նրանք որոշում են թաքնվել առանձնատանը՝ բացառությամբ Մինաս Յարմայանի, ով որպես բժիշկ աշխատում էր վերոհիշյալ Երզնկայում և Հարություն Յարմայանի՝ իր երեք երեխաների և կնոջ հետ։ Առանձնատան նկուղում գաղտնի կացարան կար, որտեղ ընտանիքի մոտ 17անդամները գոյատևում են 6-7 ամիս, որից հետո բոլորը սպանվում են: Հարություն Յարմայանին, ով կնոջ ու երեխաների հետ թաքնվել էր անտառում և անճանաչելի մնալու համար կանացի հագուստ էր կրում, կարողացավ ողջ մնալ։
1916 թվականին Հարություն Յարմայանը ընտանիքի հետ վերադառնում է Թոքաթ։ Չնայած նրան, որ կորցնում են իրենց ունեցվածքի մեծ մասը, այնուամենայնիվ նրանք կարողանում են հետ ստանալ առանձնատունն ու ամառանոցը։ Սակայն որոշ ժամանակ անց քաղաքապետ Յողուրթչուօղլուն, որը այն ժամանակ հայտնի դեմքերից էր և իրավունքի պաշտպանության ասոցիացիայի տնօրեններից մեկը, առևանգում է Հարություն Յարմայանի կնոջը՝ Արմենուհի Էլմոնին։ Միայն առանձնատունը Յողուրթչուօղլուին զիջելու գնով է հնարավոր լինում ազատել տիկնոջը: Այս դեպքից հետո ընտանիքը լքում է Թոքաթը և 1920 թվականին գալիս Կոստանդնուպոլիս:
Արսեն Յարմանի մոտ պահվում են այդ ժամանակաշրջանից մնացած 80-ից ավելի սեփականության վկայական։ Թոքաթից հեռանալիս ընտանիքը զրկվում է այդ ամբողջ ունեցվածքից։ Սակայն, գալով Կոստանդնուպոլիս, ընտանիքը նյութապես առանձնապես չի տուժել, նրանց հաջողվել էր որոշ քանակությամբ ոսկի փրկել։
Մետաղի ջարդոնի առևտուրից մինչև արտադրություն
Հարություն Յարմայանը որդու՝ Միհրանի հետ Կոստանդնուպոլսում սկսում է մետաղի ջարդոն վաճառել։ Այնուհետև սկսում են երկաթե իրերի արտադրությունը Փերշեմբե շուկայում։ Սկզբում ունենալով միայն մեկ, ժամանակի ընթացքում նրանք ունենում են 2-3 արհեստանոց։ Ո՛չ հայրը՝ Հարություն Յարմայանը, ո՛չ էլ որդին՝ Միհրան Յարմայանը, տեխնիկական կամ ինժեներական կրթություն չունեին: Միհրան Յարմայանը, ում դպրոցական տարիքն անցել էր պատերազմի ու տեղահանության դժվարին պայմաններում, չէր կարողացել օտար լեզու սովորել: Միայն 45 տարեկանում է նա ֆրանսերեն սովորում։
1920-ականներին՝ Հանրապետության հիմնադրման տարիներին, ամեն ինչի մեծ պահանջարկ կար, սակայն որևէ բան արտադրելն ու ներմուծելը բավական դժվար էր:
Գործարարության արկածախնդրության մեջ նրանք աչքի ընկան իրենց քաջությամբ: 1920-ականների կեսերից մինչև 1930-ականների վերջը Հարություն Յարմայանը և նրա որդին՝ Միհրանը, զգալի առաջընթաց գրանցեցին տարատեսակ երկաթե առարկաների արտադրության բնագավառում: Դրան ավելացան նաև ձուլման և եռակցման աշխատանքները: Անգլիայի թագավոր Էդուարդ VIII-ի 1936 թվականին Կոստանդնուպոլիս կատարած այցի ժամանակ Սիրքեջի երկաթուղային կայարանում պատրաստված «Բարի գալուստ» ցուցանակը, Աթաթուրքի հուղարկավորումից առաջ Դոլմաբահչեի պալատում տեղադրված արույրե ջահերը, ծխային ռումբ, հակաօդային պաշտպանության լամպ (պրոյեկտոր), շոգեախտահանող մեքենա և տարբեր բնագավառներում գործածվող այլ արտադրատեսակներ պատկանում են Յարմայաններին:
Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը՝ Արսեն Յարմայանը, ինժեներական կրթությունը ստացել է Իտալիայի Պադովայի համալսարանում 1967 թվականին։ Նրա առաջին գործերից մեկը բիզնես կառավարումն էր։ Նրա խոսքերով, գործարանը, որը նախկինում «մեծ արտադրամաս» էր, վերածվել էր «ժամանակակից ձեռնարկության»։ Արսենը, ինչպես իր պապն ու հայրը, նույնպես նոր արտադրատեսակներ է ստեղծել։ Թուրքական պետության առաջին նախալարված բետոնե կաղապարը (300 տոննա), որն օգտագործվել է Բոսֆորի կամրջի կառուցման ժամանակ, արտադրվել է Յարմայաններ ընկերության կողմից։
Յարմայան ընտանիքի գործարար կյանքի համար 80-ականներն ամենադժվար տարիներն էին։ Նրանց վրա մեծապես ազդեց նաև Թուրգութ Օզալի տնտեսական քաղաքականությունը, որը ամբողջությամբ սպառնում էր արդյունաբերական արտադրությանը։ 1989-ին փոքրանում են արտադրության ծավալները: Ներկայումս միայն ասֆալտի մեքենաներ արտադրող ֆաբրիկայում աշխատում է մոտ 25 մարդ։