Արցախի տարածքում առաջին տպարանը շվեյցարացի բողոքականների տպարանն էր Շուշիում, որը գործել է 1828 թվականից։ Այն երկրորդն էր Մայր Աթոռ Էջմիածնի տպարանից հետո։ Այս տպարանում լույս է տեսել ավելի քան 20 գիրք։ Նրանց գործունեությունը Շուշիում տևել է 7-8 տարի։ Ղարաբաղի արքեպիսկոպոս Բաղդասար Հասան Ջալալյանը բողոքականներից գնել է տպարանը։ Կրթության հարգը իմացող առաջնորդը գումար է տրամադրել Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություններից մեկական օրինակ ձեռք բերելու համար՝ դրանք սեփական տպարանում վերահրատարակելու և տարածելու նպատակով։ Այս տպարանը գործել է մինչև 1902 թվականը՝ լույս ընծայելով բազմաթիվ աշխատություններ։
Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի տպարանը գործել է իր տանը կից հատուկ շենքում, որտեղ աշխատում էին որդիները։ Ամենաշատ գրքեր՝ 54 անուն, տպագրվել են հենց այս տպարանում /1879-1905 թթ. /: Տպարանը գործել է մինչև 1905 թվականը՝ Շուշիի մեծ հրդեհը։
Մելքում Բաբաջանյանի տպարանը գործել է 1910-1919 թվականներին։ Այստեղ լույս են տեսել ոչ միայն մեկ տասնյակից ավելի գրքեր, այլև՝ պարբերականներ։ 1874 թվականից մինչև 1920 թվականը Շուշիում լույս է տեսել 28 անուն թերթ և հանդես, որոնցից 25-ը՝ հայերեն, 3-ը՝ ռուսերեն: 1891 թվականին Շուշիում գործել է 3 գրախանութ: