Արցախի մշակույթը համաշխարհային ժառանգության գանձարանում իր առանձին տեղն է զբաղեցնում, և այն պետք է պահպանվի, հանրահռչակվի և փոխանցվի սերունդներին: Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում են նաև գրչության արվեստը և մատենագրությունը, ստեղծվում են գրչության կենտրոններ՝ իրենց մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով: 

Որպես գրչության կատարելագործում՝ 18-րդ դարի երկրորդ կեսին զարգացել է հայկական կազմարարությունը: Կաշվե կազմերի ձևավորման և զարդարման, կազմարձանագրությունների արտահայտման ինքնատիպ սկզբունքներով առանձնանում է Արցախ-Ուտիքի դպրոցը։