«Նիդերլանդական օրագիրը» ավելի վաղ հայտնել էր, որ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ, Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Անտոնովի, նամակ-դիմում էր հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Ի.Մատվիենկոյին, Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի նախագահ Վ.Վ.Վոլոդինին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը չեղարկելու մասին։ Դիմումին կցվել էին 1921 թ. Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի շրջանառվող տեքստերը, համապատասխան այլ փաստաթղթեր։

Սա Ռուսաստանի մի խումբ հայազգի և ռուս իսկական նվիրյալ հայրենասերների նախաձեռնության արդյունք է։

Պատասխանները չուշացան։ ՌԴ նախագահի աշխատակազմից, Դաշնության խորհրդից ու Պետդումայից ստացված արձագանքներից բացի ստացվել էր նաև ԱԳ նախարարության անունից` ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դ. Գոնչարի ստորագրությամբ պատասխան, որը հրապարակեց Կեմերովոյի համայնքային «Доброе утро» թերթը ((№ 4-6, 2021 (170-172))։

Ըստ երևույթին Կեմերովոյի հայ համայնքի բարձրացրած հայկական հարցը որոշակի հետաքրքրություն առաջ բերեց ռուսական իշխանության վերնախավում, քանի որ երեք գերատեսչություններին հասցեագրված նամակին բոլորն էլ պատասխանել էին, իսկ Դենիս Գոնչարն էլ նույնիսկ պարզաբանել էր այն։

Ավելին` նախագահի աշխատակազմից մատնացույց էին արել հարցը նաև իրավական ճանապարհով լուծելու ուղին:

Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ Գեորգի Անտոնովը` հետամուտ լինելով արդարության ձայնին, գտնում է, որ Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի մասին ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի ուղարկած նամակի բացատրությունը անհամաչափ է, անտրամաբանական ու թերի և չի արտացոլում այդ տարիների իրականությունը, ավելին` մոլորության մեջ է գցում, խախտելով քաղաքացիների իշխանության պետական մարմիններից հավաստի տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը: Հենց այս հիմնավորմամբ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ Գեորգի Անտոնովի, Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանային վարչական դատարանում հայցադիմում ներկայացրեց՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության։

Հայցատուն հանգամանորեն հիմնավորելով իր առարկությունները, դատարանից խնդրում է պահանջել պայմանագրի բնօրինակը, անօրինական ճանաչել պատասխանող կողմի գործողությունները, որն է՝ սխալ կամ ենթադրական հիմքերով, չհիմնավորված փաստեր տրամադրելը, խնդրեց և պարտավորեցրեց պատասխանող կողմին (ՌԴ ԱԳՆ) միջոցներ ձեռնարկել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագրերը չեղյալ համարելու ուղղությամբ։

Միանգամից ասենք, որ Ռուսաստանի շրջանային դատարանը հայցը մերժում է, իսկ բողոքարկումից հետո վերահսկիչ քաղաքային դատարանը այն պարզապես անփոփոխ է թողնում: Գործն այս տարվա երկրորդ կեսին հասնում է երկրորդ վերաքննիչ դատարան, որի մերժումից հետո հայցը կարող էր վիճարկվել Ռուսաստանի գերագույն դատարանում, այնուհետև միջազգային դատական ատյաններում: Այդպես չեղավ, քանի որ վերաքննիչ դատարանը երկու ստորին դատարանների որոշումը բեկանեց կրկին ուղարկելով այն շրջանային առաջին ատյանի դատարան` եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար:

Շրջանային ատյանի դատարանի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին: