Աբուլ լեռը հանդիսանում է Ջավախքի տարածաշրջանի ամենաբարձր հանգած հրաբուխը (3301մ)։ Գտնվում է Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում, Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Լեռան լանջերը ծածկված են տարբեր չափերի քարացրոններով, իսկ առանձին հատվածներում՝ ալպյան մարգագետիններով։ Գագաթից բացվում է չքնաղ տեսարան դեպի Ջավախքի լեռները, ողջ Աբուլ — Սամսարի լեռնաշղթան և Փարվանա լիճը։
Աբուլ լեռն ունի երկու լեռնագագաթ՝ Մեծ Աբուլ՝ 3301մ, և Փոքր Աբուլ՝ 3290մ։
Փարվանա լիճը գտնվում է Հայկական Լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Նինոծմինդայի տարածաշրջանում՝ Աբուլ Սամսարի և Ջավախքի լեռնաշղթաների միջև, 2074մ բարձրության վրա։ Փարվանայի հիմնական սնուցումը ստորգետնյա է, լճից սկիզբ է առնում Փարվանա գետը, վերջինս Կուր գետի աջակողմյան վտակն է։