Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը: 

«Önce vatan»-ը թուրքական ազգայնամոլական հիմնարար լոզունգներից է, որը նշանակում է «Առաջ հայրենիք»: Այս լոզունգն անմիջականորեն կապված է պանթյուրքիզմի հետ: Շուռնուխի դպրոցի անմիջապես դիմաց  տեղակայված այս դիրքը մշտապես հերթապահում են ծառայողներ, որոնք զինված հետևում են դպրոցին, երեխաներին: Այս զինված դիրքն ունի նաև տեսախցիկներ, որոնք նույնպես հետևում են մարդկանց տեղաշարժին: Հիմա հարց` Ի՞նչ գործ ունի այս ազգայնամոլական լոզունգը, առավել ևս ադրբեջանական անօրինական զինված տեղակայումը Շուռնուխի դպրոցի անմիջապես դիմաց: Պարզ է, որ թիրախավորում են անգամ երեխաների, փորձում են ահաբեկել ու ճնշում գործադրել մեր երեխաների նկատմամբ: Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար: Ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից»,- գրել է Թաթոյանը:

Արևմտյան Հայաստանը դատապարտում է ադրբեջանական սանձարձակ գործողությունները, հորդորելով միջազգային հանրությանը և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին իրենց հատուկ ուշադրության տակ պահել այս դեպքը։ Հաշվի առնելով, որ Եվրոմիության դիտորդական առաքելությունը նույնպես Հայաստանի Հանրապետությունում է, խորհուրդ ենք տալիս ՀՀ-ի մեր գործընկերներին նրանց ներկայացնել նաև այս փաստը, որը բռնազավթիչ Ադրբեջանի կողմից նույնպես սադրանք է համարվում։