Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» և ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի Baltic մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին: Ֆիլմը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից: Ֆիլմն ստեղծվել է Հայերի  ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը մասնակցել է Մոսկվայի «Կինոն առանց արգելքների» հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնին և հաղթել «Երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։