Վնեսա բերդը գտնվում է Արցախի՝ Հադրութի շրջանում, Տող-Հադրութ մայրուղուց երկու կիլոմետր հեռավորության վրա։ Բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Բերդը համարվել է Դիզակի ժողովրդի ազատագրական պայքարի առաջնակարգ ամրոցը։ Նրա աշխարհագրական դիրքը հնարավորություն է տվել ազդանշանային կապ ապահովել մյուս բերդերի հետ, իսկ բերդի ուղեկալը հսկողության տակ էր պահում Արաքսից հյուսիս ընկած տափարակով կատարվող անցուդարձը։ Բերդը շրջապատված է ձորերով, իսկ արևմտյան մասով միանում է Վնեսա սարին։ Ունի 125 մետր երկարություն, 4-12 մետր բարձրություն։ Առանձին հատվածներում պահպանվել են աշտարակների կիսակլոր հիմքերը։ Ներկայումս գրեթե ամբողջական պահպանվել է 10-12 մետր բարձրություն ունեցող աշտարակներից մեկը։ 

Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ բերդը չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։