Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով, այսօր, առավել քան երբևէ, Ցեղասպանության ճանաչման գործընթացը վտանգված է: «Ընդհանրապես, 30 տարվա ընթացքում ՀՀ բոլոր կառավարություններն իրենց մի տեսակ հեռու պահեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացից ու այդ ամենը հիմնականում դրեցին տարագիր հայերի ուսերի վրա: Իսկ արդեն 2018-ից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացն առհասարակ բարձիթողի վիճակում հայտնվեց»,- ասաց թուրքագետը

Նրա խոսքով, բացի նրանից, որ Հայերի ցեղասպանության հարցի մասին այլևս չի խոսվում, այլ խնդիր էլ կա. «Արևմտյան Հայաստանի հողերի նկատմամբ մեր իրավունքը թուրքերին վաճառելու խնդիր ևս կա, որովհետև թուրքերի հետ բարեկամություն անելու մասին են խոսում: Այսօր ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի, այլև հայ-թուրքական սահմանը ճշտելու խնդիր կա: Եվ եթե այդ սահմանը ճշտվի, վերջ, կստացվի, որ այսօրվա սահմաններն ենք ճանաչում ու խաչ ենք քաշում նաև հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա»: