Տալվորիկ գավառակը գտնվում է  Արևմտյան Հայաստանի Սասունում՝ Շատախ գետի ձորահովտում։ Գավառակի կենտրոնը Տալվորիկ գյուղն էր։ Զուտ հայաբնակ Տալվորիկը մինչև 20-րդ դարի սկիզբը գրեթե ինքնիշխան էր, և նրա բոլոր բնակավայրերը նունպես եղել են զուտ հայաբնակ: Պահպանված ավանդազրույցների համաձայն՝ տեղի հայ իշխանները սերում էին զեյթունցի Ծուռ Ղազարի տոհմից: Որպես կանոն նրանք տասնամյակներով հարկ չեն մուծել թրքական իշխանություններին և շրջակա քուրդ ցեղապետերին: 20-րդ դարի սկզբին Տալվորիկն ուներ 300 տնտեսություն։ Հիմնականում զբաղվել են՝ արհեստներով, խաշնարածությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ։  Որոշ գյուղերում զբաղվել են թթենու մշակությամբ և շերամապահությամբ։  Իսկ արհեստներով մեծ հռչակում ունեին տալվորիկցի դարբինները, ովքեր միևնույն ժամանակ հմուտ զինագործներ էին, իրենք էին պատրաստում իրենց զենքերը, ինչի համար հումք էին ծառայում շրջակա երկաթի հանքերը: 

Գավառակի բնակչությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել Սասունի 1894  և 1904 թվականների հերոսամարտերին: Թրքական բանակը կարողացել է միայն ծանր կորուստներով ներխուժել Տալվորիկ և վայրագաբար ավերել վերջինիս բնակավայրերը, եկեղեցիներն ու դպրոցները։  Տալվորիկը դիմադրության կարևոր կենտրոններից էր նաև 1915 թվականի Սասունի հերոսամարտի ժամանակ: Վերապրած հայերն իրենց մյուս հայրենակիցների հետ 1916 թվականին տեղափոխվել են Մուշ, որտեղից՝ Արևելյան Հայաստան: