Հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին (951-1003) ծնվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Վասպուրականի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և գալիս է Նարեկացի անունը։ Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի դպրոցում։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր, որոնցից լավագույնները տաղերն են, իսկ  «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին, Նարեկացին  հանրահռչակ դարձավ հայ և համաշխարհային գրականության մեջ։ Պոեմում Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը.Աստված ամենուրեք է և ամեն ինչում։

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել նաև հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։