Սիրիայի և Իրաքի քրդերի, ասորիների և եզդիների դեմ Թուրքիայի վայրագություններից և հայերի դեմ շարունակվող ցեղասպանական հռետորաբանությունից հետո Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցեղասպանության նախազգուշացում է արել Թուրքիային:
Լեմկինի ինստիտուտը ներառել է Թուրքիան պոտենցիալ ցեղասպանության փորձերի և ցեղասպանություն իրականացնողների կարմիր ցուցակում։ Ինստիտուտը հատուկ ուշադրություն է դարձրել ՆԱՏՕ-ի դաշնակից անդամ լինելու պատճառով Թուրքիայի հանդեպ անպատժելիության և հետաքննության բացակայության վրա:
Նախազգուշացման մեջ Էրդողանի ռեժիմը գնահատվում է որպես ավտոկրատ, և նշվում է հետևյալը․«Թուրքական պետությունը մաս է կազմում բնաջնջման քաղաքականությանը, որն արտահայտվում է կրկնվող և սարսափելի ռազմական հարձակումների, ռմբակոծությունների, առևանգումների, խոշտանգումների և արտադատական մահապատիժների միջոցով»:
Թուրքիան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի Հանրապետության կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործելաոճին թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում։ Ի հավելումն Հայերի ցեղասպանության համառորեն ժխտմանը, Անկարան ակտիվորեն համագործակցում է Բաքվի ռեժիմի հետ, որպեսզի ի չիք դարձնի արցախահայության անկախության պահանջը և վերացնի հայկական ներկայության բոլոր հետքերը Հարավային Կովկասում:
Այս համատեքստում մենք Ադրբեջանին ուղղված ցեղասպանության նախազգուշացումներից մեկում (2022թ. հոկտեմբերի 7) ասացինք, որ «Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծապես նպաստել է անպատժելիության մթնոլորտի ստեղծմանը, որի պատճառով այս երկու պետություններն այժմ ազատորեն գործում են»: