Քաղաքական և ռազմական հիմնախնդիրների թեմաներով վերլուծություններ կազմող Stratfor ամերիկյան կենտրոնի փորձագետներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հակամարտության վերջին կարևոր զարգացմանը՝ Բրյուսելում նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկմանը:

Դա տեղի է ունեցել Ալիևի նախաձեռնությամբ: Նա է հայտարարել, թե Ֆրանսիան հակաադրբեջանական դիրքորոշում ունի, անվերապահորեն սատարում է հայերին, հետևաբար՝ չի կարող հանդես գալ իբրև չեզոք միջնորդ: Իր ասածն օրինակներով հիմնավորելու համար Ալիևը նշել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձևերը և Ֆրանկոֆոնիայի համաժողովում հնչեցված հայտարարությունները: 

Stratfor-ի վերլուծաբանների փոխանցմամբ՝ խաղաղության գործընթացում էական առաջխաղացում ապահովելու հարցում երկու կողմների ձախողումը և Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը հետզհետե ավելի է հակվում ուժ կիրառելու իր լծակները ցույց տալուն, իսկ դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին կամ Արցախում արյունալի նոր միջադեպերի հավանականությունն աճում է:

Stratfor-ի վերլուծաբանները հիշեցնում են, որ նոյեմբերի 23-ին Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի փաստաթղթերը, քանի որ դրանցում չի եղել Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժման քաղաքական գնահատականը:

Այս հարցում միջազգային գործընկերները պետք է դատապարտեն և կոշտ արձագանք ցույց տան Բաքվի դիկտատորի պահվածքին, քանի որ սա բանակցությունների խաթարման տիպիկ օրինակ է, որը այս պահին թույլ տալ չի կարելի՝ արյունալի  բախումներից խուսափելու համար։