Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորումը հրամայական է Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղ ապագայի համար: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Քրիստինա Քվինը երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Դեսպանի պաշտոնում իր հաստատման հարցով լսումների ժամանակ դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել օգնելու երկու կողմերին երկարատև խաղաղ լուծման հասնելու համար:
Քվինը խոստացել է իր թեկնածության հաստատման դեպքում սերտորեն աշխատել այդ հանձնաժողովի և Կոնգրեսի բոլոր անդամների հետ Հայաստանում Միացյալ Նահանգների շահերն առաջ տանելու համար, նաև Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը և տնտեսությունն ուժեղացնելու ուղղությամբ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է, որ եթե իր թեկնածությունը հաստատվի, պարտավորվում է անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ հիշելու համար Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերին և աջակցելու Հայաստանի խաղաղ ապագային:
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Քրիստինա Քվինի հայտարարությունները, նշելով որ ԱՄՆ-ն հանձնառու է նաև Սևրի դաշնագրի իրագործմանն ուղղված քայլերի համար, քանի որ միայն Սևրի դաշնագիրը կարող է խաղաղության ամուր օրակարգ հաստատել տարածաշրջանում։