Ջրթնիկ գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանի Սասունի Փսանք գավառակում։
Ջրթնիկը հիմնականում հայաբնակ էր 50-60 տուն հայ բնակչով, սակայն ուներ նաև մի քանի տուն քուրդ բնակիչներ, որոնք աշխատում էին հայերի տանը, օգնում նրանց անասնապահությամբ ու այլ կենցաղային գործերով: Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Ջրթնիկն ուներ Սուրբ Գևորգ անունով եկեղեցի: Սուրբ Գևորգ հայտնի ուխտատեղի էր շրջանում, որտեղ հայերից բացի այցելում էին նաև տեղի քրդերը:
Գյուղի հայ բնակչությունը ևս անմասն չմնաց 1894-1896 թվականների Սասունի կոտորածից:
1904 թվականի՝ թուրքական բռնատիրության խոշոր արշավանքը հայերի դեմ, ստիպեց գյուղի հայ բնակչության որոշ մասին լքել գյուղը և տեղափոխվել հարաբերականորեն ավելի խաղաղ պայմաններում ապրելու։ 1914 թվականին գյուղն արդեն ուներ 30 տուն՝ 390 հայ բնակիչ:
1915-1916 թվականներին, գյուղն ավերվում է, թալանվում, իսկ անօգնական ծերերին, կանանց ու երեխաներին թուրքերը լցնում են մարագները և այրում, միայն կոտորածից փրկված փոքրաթիվ հայերի է հաջողվում վերահաստատվել ամայացած որոշ գյուղերում։ Այդտեղ հայերը մեկուսացված ապրեցին մինչև 1916 թվականի փետրվարը, այնուհետև նրանց հաջողվեց տեղափոխվել ռուսական բանակի կողմից գրավված Մուշ, որտեղից էլ՝ Արևելյան Հայաստան, Սիրիայի Հալեպ քաղաք և Կոստանդնուպոլիս։