Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։  Այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի պատմության, մշակույթի, հնագիտության, արվեստի, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երիտասարդ գիտնականների հետազոտությունները, նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։ Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ։ 

Հետազոտական նախագծերն իրականացվելու են Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի հետ սերտ համագործակցությամբ և փորձագիտական ու գիտական խորհրդատվությամբ։ Արդյունքները գիտական զեկուցումների ու հոդվածների տեսքով ամփոփվելու են հաջորդ տարեվերջին՝ նաև Զալցբուրգի համալսարանում։