Արղանամադեն գավառը գտնվում է Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի վիլայեթում։ 1885 թվականին, երբ ավարտվեց Տիգրանակերտի վիլայեթի արտաքին սահմանների ձևավորումը, գավառը Խարբերդից փոխանցվեց Տիգրանակերտին: Վարչական կենտրոնը Արղանա–Մադեն քաղաքն է։ Գավառի մի մասը լեռնային է և անտառապատ, ցամաքային՝ տաք կլիմայով, մեծ մասն էլ հարուստ էր ստորգետնյա հանքային բազմաթիվ կարևոր պաշարներով։
Գավառն ուներ բազում եկեղեցիներ ու վանքեր, բայց մեծ հռչակ ունեին գավառի Սուրբ Նշանը, ուր պահվում էին նաև 7 ձեռագիր մատյաններ և Բարձրահայաց Սուրբ Աստվածածին վանքերը, որոնք գործել են մինչև հայերի ցեղասպանությունը: Սուրբ Նշան վանքը միջնադարում եղել է հայ ձեռագրական գրչության կենտրոն: Գավառի մեկ այլ նշանավոր ուխտավայր էր՝ Բարձրահայաց Սուրբ Աստվածածին հռչակավոր մենաստանը, որը հայ գրչության նշանավոր կենտրոն էր:
Արղանամադեն գավառում գործում էր 2 հայկական երկսեռ դպրոց:
Մինչև ցեղասպանությունը գավառն ուներ գրեթե 25000-ի հասնող հայ բնակչություն: Գավառը հայտնի էր իր ընտիր գինիներով և բարձրորակ խաղողի տեսականիով։ Ցեղասպանության տարիներին Արղանամադենի հայությունը ենթարկվեց բռնագաղթի և զանգվածային բնաջնջման: Դեռևս՝ 1919 թվականին, ցեղասպանությունը վերապրած մի քանի հարյուր հայ կրկին վերադարձավ հայրենի բնօրրան, սակայն չդիմանալով կյանքի դաժան պայմաններին, որոշները ստիպված եղան վերջնականապես հեռանալ, իսկ որոշներն էլ կրոնափոխ եղան՝ մնալով հայրենի բնօրրանում: Արևմտյան Հայաստանը այս հոդվածով հերթական անգամ արձանագրում է մշակութային և նյութական հարստության կորուստը ցեղասպանության տարիներին և դրանից հետո։