Oսմանյան սուլթան Սելիմ 1-ին Ահեղը՝  1512-1520 թվականներին մոլլա Իդրիսի գլխավորած քրդական ցեղախմբի օգնությամբ հաղթանակ տանելով պարսկական Շահ Իսմայիլի բանակի դեմ, փոխարենը իր ռազմատենչ նոր դաշնակիցներին շնորհեց Արևմտյան Հայաստանում բնակություն հաստատելու և ինքնիշխան կառավարելու իրավունքները։ 

Պարսկաստանի քրդերի մի հոծ բազմություն գաղթեց և հաստատվեց Աղձնիքում, Մոկսում, Վասպուրականում, դարձավ թուրքերի հուսալի հենարանը և ստեղծեց մի շարք իշխանություններ։ Դրանցից ամենախոշորը Բաղեշի կիսաանկախ իշխանությունն էր, ուր վերահաստատվել էր քրդական ռոժակի ցեղախումբը։ 1605 թվականին Բաղեշի Ավդալ խանը արշավեց Սասուն, սակայն ջարդվեց Սասունի մատույցներում և հարկադրված Սասունի արտոնությունները հրամանագրով վերաճանաչեց,  պատվիրեց իր հաջորդներին՝ հարկ չվերցնել հայ իշխան Հոլոյի որդուց և լեռնային Սասնո հայ ու քուրդ բնակչությունից։ Այնուհետև Սասունը միայն ձևականորեն մնաց Բաղեշի իշխանության կազմում։ 

17-18 դարերում Բաղեշի քուրդ խանը՝ Շերեֆների տոհմից էր, ով տիրում էր Վանից մինչև Դիարբեքիր ընկած մի ընդարձակ երկրամաս, որի խաները հարկատու էին Շերեֆների տոհմին և պարտավոր էին իրենց զորքերով կռվել նրա դրոշի ներքո։ Սուլթանական կառավարության ռազմական հզորության թուլացման պատճառով Շերեֆները զորեղացել էին և գրեթե անկախացել Բարձր Դռից / Օսմանյան կայսրության մեծ վեզիրի գրասենյակ և դիվանատուն/, իրենց կոչում էին ամիրաներ, պահում էին շուրջ 75 հազարանոց զորք և ունեին շատ իրավունքներ ու առավելություններ։

Բաղեշի վիլայեթի իշխանությունը փաստորեն պետություն էր պետության մեջ, որի խանը, սակայն, պիտի հաստատվեր սուլթանի կողմից և անպայման լիներ քուրդ։ Օգտվելով այս վերջին հանգամանքից՝ թուրքական կառավարությունը մանր խաներին գրգռում էր խոշորների դեմ, առաջ բերում միջցեղային զինաբախումներ, երկուսին միաժամանակ խանության իրավունք տալով, կռվեցնում իրար դեմ և դրանով իսկ պահպանում իր ձևական գերիշխանությունը։ Կաշառքով կամ կռվով խան դարձողը կեղեքում էր հպատակներին, հատկապես հայ բնակչությանը։ Բաղեշի խանն ուներ բանտեր, կիրառում էր խստագույն պատժատեսակներ, հատկապես անպաշտպան հայ բնակչության հանդեպ։ Աստիճանաբար նոսրանում էր հայ բնակչությունը, որի տեղը զբաղեցնում  էին քրդերը։ 1880 թվականին Համիդ II-ը մեկ անգամ ևս փոխեց Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումը՝ ստեղծելով Բիթլիս-Բաղեշի վիլայեթ, որին արհեստականորեն կցեց քրդաբնակ գավառներ, որպեսզի հայերը իրենց տոկոսով գոնե այստեղ փոքրամասնություն կազմեին։ Բաղեշի վիլայեթի կազմի մեջ փոփոխություններ կատարվեցին նաև 1886 և 1895 թվականներին, և այնուհետև մինչև առաջին համաշխարհային պատերազմը Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներից մեկը՝ Բաղեշի վիլայեթն էր։ Այն ընդգրկում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան նահանգների մի մասը։ Վիլայեթը, չնայած սուլթանական բռնի վարչակարգին, կարողացել էր հասնել տնտեսական որոշակի վերելքի, ուր զարգացած էին առևտուրը, արհեստագործությունը, առաջ էին եկել մանուֆակտուրաներ,  գործարաններ, կապիտալիստական հարաբերություններ։ Այդ զարգացումը խաթարվեց 1915-ին և վիլայեթը զրկվեց իր հիմնական աշխատասեր հայ բնակչությունից, որը զանգվածորեն զոհ գնաց ցեղասպանությանը։